News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեդրակ Պողոսյանը ծրագրավորող է. 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքով նրա 1մլն 250 հազար դրամ աշխատավարձից գանձվելու է ընդհանուր թվով 425 հազար դրամ հարկ, և նա ստանալու է 825 հազար դրամ աշխատավարձ, նախկին 925 հազար դրամի փոխարեն: «Տարեկան դա ահռելի գումար է` 1 մլն 200 հազար դրամ: Տեսեք` էս պետությունը մենակ ինձանից ամսական 425 հազար դրամ է ստանում»,- NEWS.am-ին պատմեց Սեդրակը, որը նոր օրենքի դեմ ակտիվ պայքարող քաղաքացիներից է։

Ծրագրավորողն ունի 3 դպրոցական երեխա, կինը չի աշխատում. 6 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Սեդրակի աշխատավարձով. «Բնակարանն էլ վարկով եմ վերցրել, ամսական մենակ 500 հազար դրամ վարկ եմ փակում»:

Սեդրակը պատմեց, որ արդեն 3 անգամ մերժել է ԱՄՆ-ում աշխատելու առաջարկը, որտեղ նրան ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են խոստացել. «Հայաստանը շատ եմ սիրում, երեխաներս էլ: Որոշել եմ չգնալ ու էնպես անել, որ էս իշխանությունների քթից գա: Բայց ինձ նման շատերը կան, որ էդ կարգի գումար են բյուջե լցնում, որ կթողնեն ու կգնան»:

Վերջին մեկ տարում Սեդրակի ծրագրավորող ընկերներից 20-ն արդեն հեռացել են Հայաստանից, իսկ մյուսներն էլ տարբերակներ են փնտրում գնալու համար. «Ասենք 200 հոգի գնան, ովքեր ամսական միջինը 300 հազար դրամ հարկ են տալիս պետությանը, բազմապատկենք ու կստացվի 60 մլն դրամ: Սա նշանակում է, որ 200 մարդ գնաց, պետությունն ամսական էսքան գումար կկորցնի: Բայց ես 200-ը կոմպլիմենտ արեցի, ամեն երկրորդը վիրավորված է էս իշխանություններից ու ուզում է գնալ»:

Սեդրակի խոսքով` ծրագրավորողների արտագաղթը հետընթաց քայլ կլինի ՏՏ ոլորտում. «Էս անամոթ Կառավարությունն ասում է, որ ինքը խթանում է ՏՏ-ի զարգացումը, չկա էդպիսի բան, խաբում է, ինքը չի անում, մե´նք ենք անում»,- նշեց նա:

ՏՏ ոլորտում արդեն հմտացած մասնագետների հեռանալուց հետո այլևս ոչ մի միջազգային ընկերություն չի ցանկանա Հայաստանում ներդրումներ կատարել: Այսօր շատ ընկերություններ այստեղ ներդրում են անում, որովհետև գին- որակ հարաբերակցությունը ձեռնտու է նրանց. «Լավ ծրագրավորողները սովորեցնում են ջահելներին, եթե նրանք գնան Հայաստանից, նորերը կմնան բուհական միջից ցածր մակարդակի վրա, իսկ նման ծրագրավորողի համար ոչ մեկը ներդրում չի անի մեր երկրում»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։

Տպել
Ամենաշատ