News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:

Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի, չընկճվի»: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության: 

Վահան Հայրապետյանի փոխանցմամբ՝ գործի նախաքննությունը մինչեւ հունվարի վերջ կավարտվի եւ այն կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:

Թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է  Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Քրեական գործը հարուցվել էր 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը,  պատժվում է ազատազրկմամբ`  2-6 տարի ժամկետով) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝  4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ