News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող,  Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի առողջական վիճակը լավ է, ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։

Նրա փոխանցմամբ՝ զինծառայողը դեղորայքային բուժում է ստանում, գիտակցությունը միշտ էլ առկա է եղել, շփվում է, խոսում է, ուտում է:

Արամ Ասատուրյանը տեղեկացրեց, որ այսօր կստանան նրա անալիզների պատասխանը եւ վաղը զինծառայողին Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն թերապիայի բաժանմունք:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է: 

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ