News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ն ամփոփել է 2013-ի Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ներկայացնում հիմնական ուղղությունները:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

2013 թվականի ամփոփում

Արտաքին քաղաքականության հիմնական գործառույթը երկրի զարգացման համար նպաստավոր արտաքին միջավայրի ստեղծումն է: Այսօր ավելի, քան երբեւէ՝ կարեւոր է հարեւան, գործընկեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների անվտանգությունը, սեփական հողի վրա ստեղծելու, արարելու ցանկությունը: Հայաստանի պարագայում այս ամենին ավելանում է նաեւ Սփյուռքի  ներուժի օգտագործման կարեւորությունը, արտերկրից, մասնավորապես՝ Սփյուրքից, ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Ի՞նչ է արել Հայաստանը այս ուղղությամբ, արդյոք մեր քաղաքացու մոտ ավելացել է անվտանգության զգացումը, ապահովությունը, արդյոք ստեղծվել են նպաստավոր պայմաններ ներգաղթ ապահովելու եւ կործանիչ արտագաղթը կասեցնելու համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչ:

Հայաստանը շարունակում է մնալ մեկուսացած, հիմնական տարանցիկ ճանապարհները շրջանցում են մեզ, ծրագրվող նախագծերում նույնպես Հայաստանը չկա: Մենք հետաքրքրություն չենք ներկայացնում միջազգային ասպարեզում, մեզ չեն այցելում եվրոպական պետությունների ղեկավարները, մենք չկանք ժողովրդավարական համերաշխ երկրների շարքում: Այս հարցերով պետք է զբաղվեր ՀՀ ԱԳՆ-ն, որի միակ գործառույթը, սակայն, եղել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների քննադատությունից վարչախմբի պաշտպանությունը, Հայաստանը ինտեգրացիոն գործընթացներից հեռու պահելը եւ դատարկ թվերով ու խոստումներով ՀՀ բնակչության մոլորեցումը: Իրական պատկերը ավելի քան տխուր է, մեր առջեւ կանգնած որեւէ նշանակալի մարտահրավեր այս վերջին վեց տարվա ընթացքում հաղթահարված չէ: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունները խորը եւ անհույս փակուղում են: Այսքանով չսահմանափակվելով՝ ռեժիմը նաեւ նվազագույնի հասցրեց ԵՄ-ի հետ հարաբերությունները, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք հայտնվեցինք միայն տվողի կարգավիճակում:  2013 թ. Հայաստանը զրկվել  է ԵՄ կողմից անցկացվելիք դոնորների կոնֆերանսի հնարավորություններից, մենք մերժում ենք ստացել ԱՄՆ Հազարամյակի Մարտահրավեր հիմնադրամից, ձախողվել է եվրոպական ինտեգրացիոն գործընթացը, շեշտակի կրճատվել են ներդրումները մեր երկրում՝ 1,1մլրդ ԱՄՆ դոլարից դրանք իջել են  350-400 միլիոնի: Եվ սա՝ այն դեպքում, երբ աշխարհում հայությունը տնօրինում է շուրջ 280 մլրդ դոլար:  Այս մտահոգիչ փաստերը գրանցվել են այն պայմաններում, երբ մեր աղքատ բյուջեի հաշվին բացվել են մի քանի նոր դեսպանություններ, որոնց հիմնական գործառույթը ներդրումների ներգրավումն է: Ս. Սարգսյանը հասցրեց նաեւ այս հարցում գրանցել աննախադեպ արդյունքներ՝ նորաբաց դեսպանությունների դեսպանընկալ պետությունների հետ առեւտրաշրջանառության անկում է գրանցվել:

Վերոնշյալները Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն էին, որոնք տեսանելի փոփոխություն կբերեին մեր երկրին: Եթե այս հարցերը շրջանցվում են արտաքին քաղաքականության մեր պատասխանատուների կողմից, կարելի է միանշանակորեն պնդել, որ այդ մարդիկ իրենց տեղում չեն, պարզապես ժամանակավորապես զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ՝ վատնելով պետական ռեսուրսները եւ Հայաստանի զարգացման համար թանկագին ժամանակը:

Հակիրճ անդրադառնանք մի քանի ուղղությունների:

Հայ-վրացական հարաբերություններ

Հարեւանների հետ հարաբերություններում միայն ավելանում  են խնդիրները, փոխադարձ անվստահությունը:

Այսպես, Վրաստանի հետ խախտվել է 20 տարի գոյություն ունեցող` պետությունների ղեկավարների փոխայցելությունների ավանդույթը: Երբեմն տարվա մեջ մեր երկու երկրների նախագահները հասցնում էին հանիպել եւ՛ Հայաստանում, եւ՛ Թբիլիսիում: Այս տարի փոխայցելություններ տեղի չեն ունենցել: Աշնանը պաշտոններ ստանձնած Վրաստանի նախագահն ու վարչապետը դեռեւս չեն հայտնել իրենց ցանկությունը Հայաստան այցելելու վերաբերյալ, ինչը ցավալի փաստ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Վրաստանը արտաքին աշխարհին Հայաստանը կապող միակ հուսալի պետությունն է: Վրաստանի հետ հարաբերություններում նախկին ջերմությունը չկա, վրաց գործարարները ներդրումներ չեն անում Հայաստանում՝ ի տարբերություն իրենց հայաստանյան գործընկերների: Չի հաջողվել նաեւ առաջընթաց ապահովել աբխազական երկաթգծի վերաբացման հարցում՝ այս ուղղությումբ բանակցություններ առհասարակ չեն վարվում: Վրաստանը, առհասարակ, որեւէ հետաքրքրություն չունի Հայաստանում, իսկ հաշվի առնելով այն, որ 2014թ. Վրաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը պատրաստվում է դառնալ Մաքսային միության (ՄՄ) անդամ՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում անորոշության լրացուցիչ դրսեւորումներ են առաջ գալու: Այս առումով առանձնահատուկ կարեւոր է լրուցուցիչ ջանքերի գործադրումը՝ հարաբերությունների պատշաճ մակարդակը վերականգնելու, տարբեր մակարդակներում մշտական շփումը վերսկսելու համար:

Հայաստան - Իրան

Հայաստանը միանշանակորեն շահում է Իրանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխությունից, այն դրական միտումներից, որոնք առկա են Արեւմուտք-Իրան փոխհարաբերություններում: Սակայն ի՞նչ է ձեռք բերել Հայաստանն այս ամենից, ի՞նչ օգուտներ ենք մենք արդեն քաղել կամ պատրաստվում ենք հետագայում ստանալ: Բացի լրացուցիչ լարվածությունից, որ առաջացավ Իրանի դեսպանի` գազի վերաբերյալ հայտարարությունից հետո, այլ զարգացում երկկողմ հարաբերություններում չի նկատվում: Ավելին, այս չհասկացվածությունը պատճառ է դառնում ոչ թափանցիկ եւ ոչ վստահելի հարաբերությունների` գործընկերները իրար հրապարակային չեն կշտամբում: Նման հարաբերությունների պատճառով անցած տարվա ցուցանիշներով մենք ունենք առեւտրաշրջանառության գրեթե 10 տոկոսի անկում:

Հայ-թուրքական հարաբերություններ

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում բացասական միտումները գերիշխում են, նկատվում է փոխվստահության առանց այդ էլ ցածր մակարդակի է՛լ ավելի նվազեցում:

2006 – 2007 թթ. օրինակով Թուրքիայի դիվանագիտությունը` միջազգային հանրության շրջանում պատրանք ստեղծելու համար, փորձ է անում ոչ մի հեռանկար չունեցող, ձեւական շփումներ հաստատել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ներկայացուցիչները խուսափում են դրանցից, որպեսզի Թուրքիայի ստի եւ աղավաղման ջրաղացին ջուր չլցնեն, որը հնարավորություն է ընձեռում Անկարային խուսափել սահմանը փակ պահելու պատասխանատվությունից: Բազմիցս է ասվել, որ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած շփումը օգտագործում է նաեւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տապալելու համար, ինչում իրեն մեծապես օգնեցին ՀՀ ներկայիս իշխանությունները (արդեն երրորդ անընդմեջ տարին է, որ որեւէ պետություն չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ավելին, որեւէ երկրում չի սկսվել, նախաձեռնվել ճանաչման գործընթաց): Այս առումով անհասկանալի էր ՀՀ ԱԳ նախարարի որոշումը` հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երեւանում այն պայմաններում, երբ Թուրքիան չի մտցրել որեւէ փոփոխություն Հայաստանի նկատմամբ իրականացվող, փաստորեն, թշնամական քաղաքականության (շրջափակումը համարվում է թշնամական գործողություն) մեջ: Վստահաբար, Թուրքիայի դիվանագիտությունը օգտվելու է այդ` ոչ մի դրական հետեւանք չունեցող հանդիպումից` նոր թափ հաղորդելով Հայաստանի շրջափակմանն ու 2009թ. սկիզբ առած նախապայմաններով հանդես գալու գործելաոճին: Այս քաղաքականության հաջողությանը մեծապես նպաստում են ՀՀ ԱԳՆ-ն՝ իր անհասկանալի գործողություններով, հայաստանյան անգլախոս եւ ռուսախոս այն քաղաքագետներն ու իշխանամետ հասարակական կազմակերպությունները, որոնք փառաբանում էին հայ-թուրքական արձանագրությունները: Հարկ է նկատել, որ արձանագրությունների նախաստորագրումից հետո նոր թափ է ստացել ներմուծումը Թուրքիայից, այսինքն՝ Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի նախաձեռնությունից շահել է միայն Թուրքիայի տնտեսությունը: 2013 hունվար-նոյեմբեր առեւտրաշրջանառության ցուցանիշների համաձայն՝ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանումը  կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Թվերը տպավորիչ են:

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց

Մտահոգիչ զարգացումներ են նշմարվում նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Գրեթե երկու տարվա դադարից հետո տեղի ունեցած Սարգսյան- Ալիեւ հանդիպումը ավելի շատ հարցեր է առաջ բերել, քան նախկինում:  Հրապարակային հաղորդագրություններից պարզ չի դառնում, թե արդյոք կողմերը եկե՞լ են համաձայնության, թե ո՞ր փաստաթղթի շուրջ պետք է ընթանան բանակցությունները, թե՞, այնուամենայնիվ, անգամ այս հարցում տարաձայնությունները դեռ հաղթահարված չեն: Զավեշտն այն է, որ Հայաստանը ջանում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան փաստաթղթի շրջանակ, Ադրբեջանն էլ փորձում է ամրագրել իր համար ավելի շահեկան մի փաստաթուղթ, որտեղ ԼՂ կարգավիճակը կանխորոշվում է Ադրբեջանի կազմում:

Ինչպես նախկինում նշվել էր, բացի նրանից, որ չկա համաձայնություն սեղանի վրա դրված փաստաթղթի շուրջ, հիմնավոր տարաձայնություններ կան նաեւ հանրաքվեի անցկացման եւ Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ:  Այսպես, կողմերը չեն կարողանում պայմանավորվել հիմնական հարցերի շուրջ. ե՞րբ է անցկացվելու հանրաքվեն, ո՞վ է մասնակցելու հանրաքվեին, ի՞նչ իրավական  ուժ է այն ունենալու, ո՞ր մարմինն է անցկացնելու հանրաքվեն, ինչպիսի՞ հարց (էր) է դրվելու հանրաքվեին: Այս հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ միայն միամիտները կարող են հավատալ, որ Սերժ Սարգսյանն ու Ի. Ալիեւը դրանք կհամաձայնացնեն բանակցային սեղանի շուրջ՝ առանց դրսի գործուն միջամտության: Հեռու գնացող դատողություններ անելու կարիք չկա՝ պարզելու համար, թե հակամարտող կողմերից ո՞ր մեկի դիմադրողականությունն է այս փուլում առավել հզոր:

Նույնքան խնդրահարույց է նաեւ Լաչինի շրջանի, իսկ ավելի ճիշտ՝ միջանցքի հարցը. Մադրիդյան սկզբունքների 3-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն՝ Լաչինի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Մեզ մնում է միայն միջանցք, որի լայնքը ու ապագա կարգավիճակն անհայտ են: Սույնով ամփոփվում է բոլոր շրջանների անհատույց փոխանցումը Ադրբեջանին: Ավելորդ է նշել, որ փասատթղթի դրույթների համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ որեւէ տարածք հայկական կողմերը չեն ստանում:

Այս մասին բազմիցս գրվել է եւ, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումների տարբերությունը՝ կարելի է վստահությամբ պնդել, որ առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց չի լինելու: Հարկ ենք համարում նշել, որ չի լինելու կամավոր առաջընթաց, եւ Սարգսյան-Նալբանդյան զույգը անելու է ամեն բան՝ գաղտնիության քողի ներքո ձգձգելու համաձայնության գալու գործընթացը՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Միեւնույն ժամանակ նշենք, որ ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում 2013 թ. ընթացքում Հայաստանում առաջ եկած բարդությունները մտահոգիչ են դարձնում ԼՂ հարցում առկա փակուղու հեռանկարը: Ինչպես Ս. Սարգսյանը մարտին պնդում էր, որ ռուսները մեզ չեն պարտադրում դառնալ Մաքսային միության անդամ, բայց մի քանի ամիս անց մենք հայտարարեցինք ՄՄ անդամ դառնալու ցանկության մասին, այնպես էլ այսօր Ս. Սարգսյանը կարող է Ղարաբաղի վերաբերյալ մի հայտարարություն անել, եւ երեք օր անց անել դրան հակառակ մի քայլ: Դրա օրինակը կա՝ հիշենք Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթը, որի համաձայն՝ նա խոստանում էր ապահովել ընդհանուր սահման Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Այսօր սահմանի փոխարեն խոսվում է Հայաստանը ԼՂՀ-ին կապող միջանցքի մասին:

Մաքսային Միությանը անդամագրվելու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԼՂ հարցում կտրուկ բարձրացել է ՌԴ դերակատարությունը: Այնպիսի տպավորություն է, որ Մինսկի խմբի այլ միջնորդներ նույնպես համակերպվել են, որ այս տարածաշրջանում նրանց ազդեցության լծակները, ներգրավվածության մակարդակը զգալիորեն զիջում է Ռուսաստանին, եւ վերջինիս առաջնորդությունը այլեւս չի էլ վիճարկվում: Հաշվի առնելով ՌԴ նախագահի խիստ վերապահումներով վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ մենք պետք է ուշի ուշով հետեւենք ստի մեջ մխրճված այս իշխանության յուրաքանչյուր քայլին ԼՂ հարցում:

Թեեւ իշխանամետ վերլուծաբանները փորձեցին Ս.Սարգսյան-Ալիեւ հանդիպման որպես դրական զարգացում ներկայացնել հռետորաբանության մեղմացումը, ադրբեջանցիների ռազմատենչ հարձակումները երկար սպասել չտվեցին: Ալիեւի վիրավորական գնահատականներին հայկական կողմի (ՀՀ փոխարտգործնախարարի մակարդակով) պատասխանները համարժեք չէին, ինչին հետեւեցին Ալիեւի հերթական մեղադրանքներն ու անհիմն պնդումները: Առաջիկայում սպասվող բարձր մակարդակի հանդիպումը կրկին տեղի է ունենալու նման բացասական ֆոնի ներքո:

Եվրոպական Միություն

Սերժ  Սարգսյանի թեթեւ ձեռքով Հայաստանի եվրաինտեգրումն ավարտվեց: Այն փոխարինվել է մշուշոտ ձեւակերպումներով համագործակցությամբ, որն իր խորությամբ զգալիորեն զիջում է նույնիսկ ԵՄ-Հյուսիսային Աֆրիկայի պետությունների փոխգործակցության մակարդակին: Կրկին հիշեցնեմ, Սերժ Սարգսյանի որեւէ խոսքին հավատալը մեծ ճոխություն է քաղաքականությամբ զբաղվողների համար՝ գարնանը նա հայտարարում էր. «մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաեւ եվրոպական կառույցների հետ»: Այսօր արդեն ԵՄ-ի հետ ինտեգրացիայի (այսինքն՝ միաձուլման, մի միավորի անդամ դառնալու, միավորման) մասին խոսելն անիմաստ է: Հասկանալի է, որ Հայաստանը չունի խնդիր այլ եվրոպական կառույցների հետ ինտեգրվելու, քանի որ արդեն ԵԽ եւ ԵԱՀԿ անդամ է, այսինքն՝ եվրաինտեգրացիան կարող է վերաբերել բացառապես ԵՄ-ին:

Սպասվում է, որ գարնանը կմշակվեն ԵՄ հետ համագործակցության նոր ֆորմատներ, որտեղ եվրոպական կառավարման ավանդույթները, արդարադատության համակարգը, պետական եւ հասարակական ինստիտուտների գործունեությունն ընդօրինակելու մեր ձգտումները շատ ավելի պակաս հավակնոտ են լինելու: Ի տարբերություն անգամ Ադրբեջանի՝ մենք այսօր նույնիսկ չունենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի համաձայնեցված տեքստ, չունենք համագործակցության ճանապարհային քարտեզ, չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր գործակցության ապագան: Սրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, նա ինքնուրույն ջնջել է մեր բոլոր փաստաթղթերից եվրաինտեգրում եզրը՝ կողմնորոշելով մեզ անհայտ ուղղությամբ, որի անունն է՝ Մաքսային Միություն:

Մաքսային Միություն

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը անսպասելի արագ տեմպերով շարժվում է դեպի Մաքսային Միություն: Եթե թարգմանենք այս արտահատությունը դիվանագիտական լեզվից կնշանակի, որ Միության բոլոր փաստաթղթերը, առանց լրացուցիչ բանակցությունների ու քննարկումների՝ ստորագրվում են Հայաստանի կողմից: Սա բավականին մտահոգիչ է՝ մի քանի պատճառներով.

-նախեւառաջ, Մաքսային Միությունում գործող դրույքաչափերը զգալիորեն բարձր են եւ, առանց վերապահումների դրանց միանալը կբերի Հայաստան ներմուծվող ապրանքների գների շեշտակի բարձրացման: Հաշվի առնելով մեր իշխանությունների հավաստիացումները, որ Մաքսային միության անդամագրման գործընթացը ավարտվելու է մինչեւ մայիս, կարելի է վստահությամբ պնդել, որ մեզ սպասվում է զգալի գնաճ, որը մեծ հարված կլինի մեր բնակչության գնողունակությանը: Ժողովրդի սոցիալական դրության վատթարացումը կարող է գեներացնել բացասական վերաբերմունք ոչ միայն դրա պատճառ դարձած իշխանությունների, այլեւ ՄՄ-ի ու դրա առանձին անդամների նկատմամբ:

- հաջորդ մարտահրավերն այն է, որ Միության ձեւավորման գործընթացը անցնում է բարդ եւ երկարատեւ համաձայնեցման ճանապարհ, եւ շատ խնդիրներ դեռեւս կարիք ունեն լրացուցիչ քննարկումների: Այսպես, դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները մի շարք հարցեր բարձրացրին պայմանագրի ինստիտուցիոնալ եւ ֆունկցիոնալ բովանդակության վերաբերյալ: Ն. Նազարբաեւը նաեւ հանդես եկավ Մաքսային միությունը լրացուցիչ քաղաքականացումից հեռու պահելու օգտին՝ ընդգծելով  նոր վերպետական մարմինների ստեղծման անթույլատրելիությունը: Նկատի ունենալով վերոնշյալը՝ Հայաստանը կարիք ունի շրջահայաց քաղաքականության եւ ՄՄ հիմքում դրված փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության:

- Ղազախստանի նախագահի նախապայմանները, որոնք առնչություն ունեն ԼՂ հարցի հետ:

Ս. Սարգսյանի կառավարությունը նաեւ շտապում է Հայաստանը դարձնել Եվրասիական Միության հիմնադիր անդամ:  Այս գործընթացը նույնպես շատ արագ է ընթանում, եւ հարկավոր է բացատրություններ պահանջել իշխանություններից նման ընթացքի հիմնավորումների վերաբերյալ: Ստորագրվելիք յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է համապատասխանի մեր շահերին, այլապես այն կենսունակ չի լինի եւ կհանդիսանա լրացուցիչ մի վկայություն՝ իշխանությունների ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ չլինելու մասին:

Տպել
Ամենաշատ