News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ էր զորակոչվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Նա տեղեկացրեց, որ ընտանիքում չորս երեխա են, երկու քույրերը ամուսնացած են, եղբայրը եւս ամուսնացած է եւ ապրում էր իրենց հետ: Գյուղապետի փոխանցմամբ՝ միջին սոցիալական պայմաններում ապրող ընտանիք էր, որը զբաղվում էր անասնապահությամբ եւ հողագործությամբ:

«Թե ինչն էր մահվան պատճառը, չգիտեմ, ասում են՝ հիվանդության հետեւանք էր, ինքը նոյեմբերին քթի վիրահատություն էլ էր տարել, բայց չգիտեմ՝ դա կապ ունի, թե ոչ»,- ասաց Ֆելիքս Մելիքյանը: Նա նշեց, որ Էդիկը սովորում էր բուհերից մեկում հեռակա կարգով, ակտիվ, խելոք, հարգված երեխա էր:

Մեր տեղեկություններով՝ զինծառայողը զորակոչվել էր Նոյեմբերյանից, ծառայում էր Էջմիածնի զորամասերից մեկում: Մահվան պատճառը հայտնի չէ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զինվորի ջերմությունը կտրուկ բարձրացել է, սրսկել են, անմիջապես կարմիր ցան է առաջացել մարմնին, տեղափոխել են հիվանդանոց: Վաղարշապատի հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ բերվել է դիակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 20-ին, ժամը  08:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել Է. Շահնազարյանի մահվան պատճառը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ