News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը կարծես կանխազգացել է իր մահը: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պատմեց դեպքի օրը Արմեն Հովհաննիսյանի հետ դիրքերում գտնվող զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանը:

«Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց  պատկերացնում ես` ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի` Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,-պատմեց Նորայր Մկրտչյանը:

Նրա խոսքով` վերջին օրերին Արմեն Հովհաննիսյանը անընդհատ ասում էր, որ ընդամենը 5 ամիս է մնացել ծառայության ավարտին. «Պատկերացնո՞ւմ ես՝ 5 ամիս, հլը բերանով ասա՝ 5 ամիս»:

Նորայր Մկրտչյանը պատմեց, որ Արմենն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ:

Նորայրը պատմեց ողբերգության օրվա մանրամասները. Առաջին կրակոցն անցել է նրանց գլխավերեւով, Արմեն վազելով մտել է կացարան, զեկուցել դիրքի ավագին,  վերադարձել ու հրահանգել՝ համար 1 պատրատություն։ Դրանից հետո 10-15 րոպե ոչինչ տեղի չի ունենում։ Արմենը գնում է տարածքը ստուգելու։ Վերադառնում է, ասում՝ «նորմալ ա, տղերք ջան, գնամ դիտակետից դիտարկում անեմ, այդ պահին կրակոց է լսվում նրա ուղղությամբ»։

Նորայրը կրակոցի ուղղությամբ հինգ պատասխան կրակոց է ուղարկում, ու այդ պահից սկսվում է անկանոն կրակահերթը հայկական դիրքերի ուղղությամբ։ Նորայրը վիրավորվում է, դիրքի ավագը նրան տեղափոխում է կացարան, որից հետո կազմակերպում պաշտպանությունը, որը տեւում է մոտ կես ժամ։ Երբ ամեն ինչ վերջանում է՝ պարզում են, որ Արմենը զոհվել է։

Վերջին բառերը, որ Արմենից լսել է Նորայրը. «Վախ, վախ, վախ»։

Արմենին հողին կհանձնեն վաղը Եռաբլուրում։  Կլինի պատվո պահակախումբ,  զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ