News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների նպատակն էր կոտորել դիրքի ողջ անձնակազմը։ Այս մասին մասին լրատվամիջոցներին հետ զրույցում ասաց հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հրամանատար, գնդապետ Էդվարդ Ասրյանը:

«Իմ կարծիքով՝ նրանց խնդիրն էր հունվարի 20-ի այսպես կոչված «Բաքվի դեպքերի» համար պատասխան տալ»,- կարծիք հայտնեց գնդապետը։

Այդ ընթացքում հակառակորդը զորամասի 5 մարտական դիրքերի ուղղությամբ ակտիվ կրակային ազդեցություն է գործել, իսկ այն դիրքի ուղղությամբ, որը պաշտպանում էին Արմենն ու նրա ընկերները, դիվերսիոն-հետախուզական գործողություններ է կատարել։

Գնդապետը պատմեց, որ հակառակորդի հարձակվելու ընթացքում Արմեն Հովհաննիսյանը մարտական դիրքի դիտորդ է եղել մեկ այլ զինծառայողի հետ. «Դասակի հրամանատարին զեկուցել են, որ ինչ-որ ձայներ են լսվում դիրքի ձախ թևում: Դասակի հրամանատարը դուրս է եկել, և մեկ կրակոցի ձայն է լսվել: Կրակոցի ձայնը դիրքի անձնակազմը չի լսել, քանի որ հակառակորդի դիվերսանտը կիրառել է ПБС (զենքի խլացուցիչ): Գնդակը բաժին է հասել շանը, քանի որ շունը վազելով գնացել է դեպի դիվերսանտները»:

Դասակի հրամանատարը տվել է մարտի հրաման և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ու դիրքի ողջ անձնակազմի, դասակի հրամանատարի ակտիվ գործողությունների շնորհիվ դիվերսանտներին չի հաջողվել մտնել մարտական դիրք, սակայ հակառակորդը կիրառել է տարբեր զինատեսակներ՝ «Մուխա» տիպի նռնականետ մեկանգամյա կիրառման համար, ինչպես նաեւ տարբեր արտադրության զինատեսակներ, ինչի հետեւանքով էլ հայկական կողմն ունեցել է մարտական կորուստ։

«Դիրքի ողջ անձակազմը՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ, գումարտակի հրամանատարի տեղակալի հետ անհավասար մարտ են վարել հակառակորդի պատրաստված դիվերսիոն խմբի հետ։ Հակառակորդ կողմը կրել է կորուստներ, մեր տվյալով՝ 2 սպանված ու մի քանի վիրավոր»,- ասաց հրամանատարը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը լրատվամիջոցներում եւ սոցցանցերում ամեն կերպ փորձում է հերքել այդ տեղեկությունը։

Արմենին հողին կհանձնեն վաղը Եռաբլուրում։  Կլինի պատվո պահակախումբ,  զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ