News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներխուժման ժամանակ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանը դեպքից մի քանի օր առաջ զանգահարել է տուն, խոսել հարազատների հետ, ասել՝ «քիչ է մնացել, կգամ, սպասեք, հեսա գալու եմ»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմենի հորաքրոջ ամուսինը՝ Երվանդ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Արմենը փոքրուց հայրենասեր էր, միշտ խաղալիք ինքաձիգով էր խաղում. «Սիրում էր կռիվ-կռիվ խաղալ, ընկերներից մեկը ռուսն էր լինում, մեկը՝ թուրքը, ինքը՝ հայը: Խաղում էին, ստից վիրավորվում ու մահանում»,- հիշում է Երվանդ Խաչատրյանը:

Հորաքրոջ ամուսինը պատմեց, որ երբ Արմենը փոքր տարիքից աշխատում էր կահույքի արտադրամասում՝ ընտանիքին օգնելու համար. «Հիշում եմ, էդ ժամանակ էլ, փայտից սիրուն թուր էր սարքել, ասում էր՝ Սասունցի Դավիթի թուրն ա»:

Ծառայակիցներից մեկը Արմենի հարազատներին պատմել է, որ իրենց որդին նույնիսկ վիրավորվելուց հետո շարունակել է կրակել ու պահել է դիրքը՝ կասեցնելով հակառակորդին ու փրկելով ծառայակիցների կյանքը։

Երվանդ Խաչատրյանի խոսքով՝ Արմենի մարմնից հանել են 14 բեկոր, մի փամփուշտը թևի տակից մտել ու ծակել է թոքը, բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել:

Արմենին հողին կհանձնեն վաղը Եռաբլուրում։ Կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Տպել
Ամենաշատ