News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ իր որդին պետք է հանդիսանան այն անձինք, որ ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չի՞: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղի ունեցած փակ խորհրդակցությունից հետո հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա նշեց, որ իր այցի նպատակն է ներկայացնել տարածքային նոր ոստիկանապետին՝ գնդապետ Վարդան Նադարյանին: Վլադիմիր Գասպարյանը շեշտեց, որ  իր կադրային փոփոխությունները պետք է դիտել միայն բարեփոխումների տեսանկյունով: Ոստիկանապետը մասնագիտական բացահայտումների առումով բավարար է գնահատել Կարեն Բաբակեխյանի աշխատանքը, բայց բավարար չի գնահատում, որ անձնակազմը չի կարողացել իր վարչության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում:

«Վախի մթնոլորտ չեմ կարծում, որ կա իսկ եթե վախենում են, վախենում են նրանից, որովհետեւ գող սիրտը դող է, նորմալ մարդիկ չեն վախենում, գյումրեցիք ինքնասեր ժողովուրդ են»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ անպատժելիությանը վերջ դնելը անընդհատ պրոցես է, պետք է անպատժելիին պատժել: Հարցին, թե Գյումրիում ոստիկանության աշխատանքը բարդ է, նա այսպես պատասխանեց. «Ոստիկանության աշխատանքը ընդհանրապես բարդ է եւ անշնորհակալ, բայց չեմ կարծում, որ ոստիկանության համար ինչ-որ մի խնդիր կա, որը հնարավոր չէ լուծել: Կան ոստիկաններ, որոնք դա չեն ուզում անել, չեն ուզում անել, որովհետեւ քավոր են, սանիկ են, ազգական են, ցեղակից են,  քյաբաբի ընկեր են»:

Ոստիկանապետը շեշտեց, որ իր խոսքի մեջ քաղաքական երանգ չպետք է փնտրել, քանի որ քաղաքականությունը նեղ քաղաքական ժանր է, ոստիկանությունը ապաքաղաքականացված է, «մենք բոլորի ոստիկաններն ենք, մեր նպատակները շատ ավելի մեծ են, քաղաքական գործիչները նրանք են, ովքեր մտածում են ընտրությունների մասին, պետական գործիչները նրանք են, ովքեր մտածում են սերունդների, ապագայի մասին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ հունվարի 24-ին, այցելել է Շիրակի մարզ:  Վլադիմիր Գասպարյանն խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ ներկայացրել նոր ոստիկանապետին՝ Վարդան Նադարյանին: Վերջինս նշանակվել է Կարեն Բաբակեխյանի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ