News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանները հուվարի 28-ին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին թույլ չեն տվել մոտենալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին, որտեղ այս պահին տեղի է ունենում տոնական համերգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին։

«Ոչ սպանություններին և բռնություններին բանակում» կարգախոսով բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղ ոստիկանները պատ են կազմել եւ ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել մոտենալ մուտքին։

Երբ ակցիայի մասնակիցները փորձել են շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, ոստիկանները նրանց հրելով ու քաշքելով հեռացրել են։

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Օպերայի շենքի մուտքի մոտ փռած կարմիր գորգին։ Նրան, Արտաշես Սերգոյանին եւ Արա Նեդոլյանին ոստիկանները բերման են ենթարկել։

Ակցիայի մասնակիցները NEWS.am-ի թղթակցին ասացին, որ իրենք խաղաղ ակցիա են անում, ընդամենը եկել էին տոնական համերգին մասնակցող պատասխանատուներին հիշեցնելու բանակում սպանված իրենց զավակների մասին, ու այն մասին, որ բանակում կատարված ոչ մի սպանություն դեռ բացահայտված չէ։

«Հնարավոր է՝ ներսում հիմա պարգեւատրում են մարդկանց, ովքեր մեր տղաների մահվան պատճառ են եղել»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը։

Ակցիայի մասնակիցները  Մաշտոցի պողոտայի կողմից մայթեզին կանգնած որոշ ժամանակ շարունակել են բողոքի ակցիան ու հեռացել։

Տպել
Ամենաշատ