News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 28-ին՝ հայոց բանակի կազմավորման օրը, ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը դարձավ 23 տարեկան: Ինջիղուլյանների ընտանիքում, սակայն, տրամադրությունը տոնական չէր, հարազատները չկարողացան հեռախոսային կամ ինտերնետ կապի միջոցով խոսել եւ շնորհավորել Հակոբ Ինջիղուլյանին:

«Մի քանի օր առաջ դիմել էինք Կարմիր խաչին, որպեսզի իր ծննդյան առթիվ հնարավորություն ընձեռնեն, որ կարողանանք մի քանի բառ փոխանակել, բայց դեռ ոչ մի պատասխան չկա»,- NEWS.am-ին պատմեց Հակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը:

Շուրջ վեց ամիս գերության մեջ գտնվող Հակոբի հարազատները պատմում են, որ այս օրը միշտ կրկնակի տոն է եղել իրենց տանը «Եւ բանակի տոնն էինք նշում, եւ ծնունդը, Հակոբը միշտ հպարտանում էր, որ ինքը բանակի կազմավորման օրն է ծնվել»,- ասաց Հակոբի մորաքույրը՝ Պետրոսյան Սոֆիկը:

Սոֆիկ Պետրոսյանի խոսքով՝ Հակոբի ծննդյան տարեդարձի օրը ինքն ամենասպասված հյուրն է միշտ եղել. «Նրա համար հաճելի էին բոլոր հյուրերը: Բայց, չգիտեմ, երեւի ինձ մի ուրիշ տեսակ էր սպասում, որովհետեւ Հակոբի ծննդյան տորթը միշտ ես պետք է թխեի, բերեի»։

Հակոբի եղբայրը պատմեց, որ իրենց ընտանիքը հունվարի 28-ին պատրաստվում է սեղան նստել ու խմել Հակոբի վերադարձի կենացը. Աստծուց կխնդրեն, որ Հակոբն իր 24-ամյակը անցկացնի տանը, հարազատների հետ. «Այսօր չենք կարող նշել, որովհետեւ նշելուց պետք է ուրախանալ, իսկ մենք ուրախանալու առիթ չունենք: Ուղղակի հույս ունենք, որ 2014 թվականին ազատության մեջ կլինի ու 2015-ին ամբողջ ընտանիքով կնշենք նրա ծնունդը»:

Հարութ Ինջիղուլյանը պատմեց, որ եղբորից վերջին նամակը ստացել են 5 օր առաջ, եղբայրը գրում է, որ կարոտել է եւ հարազատներին համբերություն է մաղթում. «Ես ամեն օր Ձեր մասին եմ մտածում: Դե Ձեր նկարն ունեմ, նայում եմ ու մի քիչ թեթեւանում: Մի քիչ կարոտից եմ նեղվում, ուրիշ ոչ մի բանից»,- Հակոբի նամակն ընթերցեց եղբայրը:

Ինջիղուլյաները երազում են, որ Հակոբը վերադառնա, շարունակի ուսումը Գեւորգյան ճեմարանում եւ հոգեւորական դառնա, ինչպես միշտ երազում էր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել:

Տպել
Ամենաշատ