News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 29-ին կայացավ 2013թ.մայիսի 15-ին N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստ, որի ընթացքում ցուցմունք տվեցին քրեական գործով երկու վկաներ` ժամկետային զինծառայողներ Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը:

Նրանք պատմեցին, որ դեպքի օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, Նոյեմբերյանի զորամասի ծխարանում 4 զինծառայողներ՝ Լյուքս Ստեփանյանը, դատարանում որպես վկա հանդես եկած վերոնշյալ 2 զինծառայողները եւ Հրաչյա Սարգսյանը զինվորական կանոնագիրք էին սովորում: Զորամասի պահակատան մոտ ինքնաձիգով հերթապահություն իրականացնող Դավիթ Խաչատրյանը տաղավարում նստած զինվորներից ժամ է հարցրել: Լյուքս Ստեփանյանը պատասխանել է, որ ժամացույց չունի, Դավիթին անվանել է «պզուկոտ» և ասել, թե «ինչի՞ ես պզուկը ճպպացնում հայելու վրա»: Դավիթը պատասխանել է, որ ձայնը կտրի և իրեն «պզուկոտ» չասի: Սակայն Լյուքսը շարունակել է հեգնական տոնով նրան անվանել «պզուկոտ»: Դավիթ Խաչատրյանը երկու քար է նետել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, սակայն 2-ն էլ չեն դիպչել նրան:

Զինծառայող Ստեփանյանը մի քանի անգամ հայհոյել է Դավիթին, վերջինս նրանից պահանջել է չհայհոյել: Դրանից հետո Դավիթը ինքնաձիգն իջեցրել է գոտկատեղի մոտ և այն ուղղել Լյուքս Ստեփանյանի վրա: Լյուքսը ասել է՝ «դե կրակի, չկրակողի…» և հայհոյել է Դավիթին: Դրանից հետո Դավիթ Խաչատրյանը մոտ 25-30 մ հեռավորությունից կրակել է, ինչի հետեւանքով Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչյա Սարգսյանը ծանր վնասվածք է ստացել գլխի շրջանում:

Վկաները դատարանում խոսում էին կցկտուր և տալիս հակասական պատասխաններ` ասելով, որ շատ ժամանակ է անցել և չեն հիշում մանրամասները, ինչը նիստերի դահլիճում վրդովմունք առաջացրեց: Ցուցմունքների միջև եղած հակասությունների պատճառով մեղադրող Արթուր Զաքարյանը դատարանին միջնորդեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները, դատավարության կողմերը հարցեր ուղղեցին վկաներին:

Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 6-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանավորված է:

Տպել
Ամենաշատ