Ոստիկանապետ իր թշնամին է համարում ոչ միայն քաղաքացիական հասարակությանը, այլ նաեւ բանակում սպանված զինծառայողների սգավոր մայրերին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության մոտ ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որտեղ բանակում սպանված զինծառայողների մայրերի հետ բողոքի ակցիա էր անցկացնում։
«Վլադիմիր Գասպարյանը ասել է, որ մեր թշնամիններն են քրեական տարրերը և քաղաքացիական հասարակությունը»,-ասաց Գասպարին՝ նշելով, որ իր գնահատմամբ քրեական տարրերը ոստիկանության գործընկերներն են. «Իրենք ունեն գործընկերային հարաբերություններ և իրար հետ տալիս-առնում են, դա շատ տարածված երևույթ է և եւ նորություն չի»։
Վարդգես Գասպարին կառավարության մոտ էր գնացել իր բողոքն արտահայտելու հունվարի 28-ին Ազատության հրապարակում բանակում սպանված զինծառայողների մայրերի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. «Այս սգավոր մայրերին կոպտագույն կերպով, բռնության ենթարկելով չթույլատրեցին նույնիսկ իրենց կարծիքն արտահայտել, տեղաշարժվել»։
Հիշենենք, որ ոստիկանները հուվարի 28-ին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին թույլ չեն տվել մոտենալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին, որտեղ այս պահին տեղի է ունենում տոնական համերգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին։
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Օպերայի շենքի մուտքի մոտ փռած կարմիր գորգին։ Նրան, Արտաշես Սերգոյանին եւ Արա Նեդոլյանին ոստիկանները բերման են ենթարկել, այնուհետև ազատ են արձակել։
Ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայի կողմից մայթեզին կանգնած որոշ ժամանակ շարունակել են բողոքի ակցիան ու հեռացել։











