News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամները եւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը ոստիկանություն հաղորդում չեն տվել հունվարի 28-ին ոստիկանների գործադրած բռնության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը:

«Զոհված զինվորների մայրերն այնպիսի հոգեբանական ծանր վիճակում են գտնվում, որ ոստիկանություն չեն դիմել: Իսկապես ահավոր էր ոստիկանների արածը»,- ասաց Լալա Ասլիկյանը:

Նշենք, որ ոստիկանները հունվարի 28-ին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին եւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին թույլ չէին տվել մոտենալ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին, որտեղ այդ պահին տեղի էր ունենում տոնական համերգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին։

Լալա Ասլիկյանի խոսքով՝ ոստիկանությունում հաղորդում պետք է տան այդ օրը բերման ենթարկվածները. «Արտաշես Սերգոյանը, Արա Նեդոլյանն ու Վարդգես Գասպարին պետք է դիմեն. իրենք են բերման ենթարկվել: Համոզված եմ, որ Գասպարին հաստատ կդիմի, որովհետեւ ինքը հետեւողական է այդ հարցերում, հատկապես որ նրա հետ անմարդկային են վարվել»:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին «Բանակն իրականում» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Նախ սեւազգեստ մայրերը եկել էին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի դահլիճում հանդիսավոր տոնակատարության մասնակից պաշտոնյաներին հիշեցնելու իրենց որդիների սպանության չբացահայտված գործերի մասին: Այնուհետեւ, ապօրինի բերման ենթարկվեցին նրանց սատարող Վարդգես Գասպարին, Արա Նեդոլյանն ու Արտաշես Սերգոյանը: Ազատազրկված քաղաքացիներին չի տրվել բացատրություն, թե ինչու են նրանք բռնությամբ տարվել ոստիկանություն, իսկ քաղաքացի Վարդգես Գասպարիին, երբ նա պահանջել է, որ իրեն տրամադրեն իր գործին վերաբերվող փաստաթղթերի պատճեները, ոստիկանության կենտրոնական բաժնից՝ ուժի կիրառմամբ եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով հեռացրել են գազելով,  տանելով շենքից հեռու եւ այնտեղ թողնելով ցեխերի մեջ եւ անձրեւի տակ»:

Տպել
Ամենաշատ