Ախուրյանում դեկտեմբերի 29-ին գրանցված ամուսինների դաժան սպանությունից հետո դիակների դատաբժշկական փորձաքննության պաշտոնական տվյալները մինչեւ այժմ հայտնի չեն: Խոսքը Ախուրյանի Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանության մասին է, երբ որդին ծնողներին՝ Ախուրյանի բնակիչներ Գարեգին եւ Մանուշակ Հակոբյաններին գտել էր սպանված վիճակում:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ամենասկզբում տարածված վարկածի համաձայն՝ սպանությունը վրեժի հողի վրա է կատարվել, քանի որ տնից ոչինչ չի անհետացել: Այնուհետեւ եւս մեկ վարկած շրջանառվեց, որ ամուսիններն իրար են սպանել:
Այսօր արդեն Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ասել է, որ մի քանի վարկածների հետ եւս մեկ վարկած է շրջանառվում, որ ամուսիններից մեկը սկզբում սպանել է դիմացինին, հետո՝ ինքն իրեն: Հիմա արդեն սպանվածների հեռավոր հարազատները եւս ավելի շատ այս վարկածին են հավատում:
«Պարզվում է՝ դուռը ներսից է փակ եղել ու ոչ միայն փակ է եղել, այլ բանալին վրան է եղել: Որդին՝ Արկադի Հակոբյանը, որ տուն է եկել կնոջ հետ, բանալին մտցնել չի կարողացել, ավելի շուտ չի կարողացել բացել, դրա համար խառնվել են: Հետո խոսակցություններ կային նաեւ, չգիտեմ՝ որքանով է ստույգ, որ տնից նաեւ թույնի բաժակ են գտել: Չգիտեմ, կարող է մեկն առաջարկել է խմել, հետո վիճաբանել են, եւ սա է տեղի ունեցել»,- պատմել է Հակոբյանների երիտասարդ ազգականներից մեկը:
Նրա պատմելով՝ սպանվածներից ամուսինը՝ Գարեգինը, մի քանի ամիս առաջ է գլխի վիրահատություն տարել, բայց թե ինչի համար են վիրահատել, հայտնի չէ. «Նրանք գաղտնի են պահել նաեւ հեռավոր հարազատներից, չգիտեինք, որ խնդիր ունի, որ վիրահատել են… Մեզ թվում է՝ էդ մարդը ծանր դեպրեսիայի մեջ է եղել, հիմա որդիներն են դեպրեսիայի մեջ…»:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




























