News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (ՀայՌուսգազարդ) այսօր՝ փետրվարի 8-ից, համաձայն ԳՄՕԿ-ի (գազամատակարարման օգտագործման կանոններ) եւ համապատասխան պայմանագրի դադարեցրել է Արարատի մարզի «Ալիշան» գործարանի գազամատակարարումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունից:

«Համաձայն ԳՄՕԿ-ի եւ պայմանագրի, համապատասխան ակտեր եւ ծանուցումներ ենք ուղարկել, սակայն «Ալիշան» ընկերությունը հրաժարվել է վճարել, որից հետո ստիպված դադարեցրել ենք գազամատակարարումը»,- ասացին մամուլի ծառայությունից:

«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է դիմել դատարան:

Նշենք, որ «Ալիշան» գործարանի հեռախոսն այսօր առավոտվանից չի աշխատում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր. «ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ երեկ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են։ «Այսօր (երեկ-խմբ.) եկան ու գազամատակարարումն անջատեցին։ Դրա համար էլ չենք աշխատելու։ Բայց ախր մենք պարտք չունենք կուտակած, ուղղակի ամեն ամիս գազի վարձը մեզանից 20– 30 տոկոս ավել են վերցնում։

Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա համար մեր հաշվարկով պետք է վճարեինք 1 մլն 800 հազար դրամ, բայց արի ու տես, որ իրենք 6 տոկոս ավել են գրել։ Չեմ վճարելու, մինչև որ նորմալ չհաշվեն իմ սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը։ Ես վճարելու խնդիր չունեմ, բայց իրենք ավել են գրում»,-զայրացած նշեց գործարանի տնօրենը։ 

Ի դեպ, տեղեկացնենք, որ նա երկուշաբթի օրը դատական հայց կներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ»։

Տպել
Ամենաշատ