Հայ ազգային կոնգրեսի 10 ակտիվիստներին այս գիշեր ժամը 02:20-ի սահմաններում Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը:
«Գիշերը պատրաստվում էինք մարտի 1-ի հավաքի մասին իրազեկման ակցիա անցկացնել: Մեզ հետ վերցրել էինք Սերժ Սարգսյանի նկարն ու «Սերժիկ, պետական դավաճան» գրությամբ պաստառ: Սակայն մինչեւ ակցիան սկսելը՝ ոստիկանները մեզ բերման ենթարկեցին»,- ասաց Վարդանը:
Վարդանն ասաց, որ բերման ենթարկվելու պահին իրենք պարզապես քայլում էին փողոցով. «Դեռ ոչինչ չէինք անում, բայց ոստիկանությունում մեզ ասացին՝ միտինգ են արել, դրա համար ենք բերել բաժին»:
Ակտիվիստներին 3 ժամ պահել են ոստիկանությունում, որից հետո վարչական տուգանքի են ենթարկել. «Վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով, որն է՝ հասարակական վայրի ոչ ճիշտ օգտագործումը»,- ասաց Վարդանը:
Հարցին, թե ինչու էին ակտիվիստները գիշերն ակցիա անցկացնում, Վարդանը պատասխանեց՝ «Մենք գիշերն ենք նախաձեռնել, որովհետեւ այդ ժամին փողոցում քիչ մարդ կա ու երթեւեկությանը չէինք խանգարի»:
Նշենք, որ բացի Վարդանից բերման էին ենթարկվել Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Վարդանյանը, Թաթուլ Սարոյանը, Տաթեւիկ Պողպատյանը, Հայկ Պետրոսյանը, Անդրանիկ Դավթյանը:



























