ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր՝ փետրվարի 10-ին ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը կարեւորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:
Ա. Աղաբեկյանը հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին եւ իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին:
4-րդ փուլի դասընթացները, որոնց մասնակցում են 30 գյուղապետ, կտեւեն մեկ շաբաթ, մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր: