News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական կայազորային հոսպիտալում գտնվող 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ զինծառայողը լավ է, ապաքինվում է, դեռ կմնա հիվանդանոցում: Ինչ վերաբերում է դեպքով կատարվող ծառայողական քննությանը, մամուլի քարտուղարն ասաց, որ եզրակացությունը կհրապարակվի քրեական գործի քննության ավարտից հետո:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել է հունվարի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով:

Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել են հունվարի 18-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ