News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին եւ Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ (նշվում է փետրվարի 11-ին) եւ մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, եւ մենք պարտավոր ենք հետեւողականորեն իրականացնել տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերը», - ասել է կառավարության ղեկավարը:

 Դեսպան Ռեիսին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, եւ հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների  ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի եւ Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաեւ նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի եւ Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են եւ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:

Նշվել է նաեւ, որ ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում, որն էլ հնարավորություն կտա քննարկել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:

Համագործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով երկուստեք կարեւորվել են բարձր մակարդակով պաշտոնական փոխայցերը: Պարոն Ռեիսին վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ