News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում հարկային համաներում իրականացնել:

Կուսակցության հայտարարությունում ասվում է.

«Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում արցախյան գործարարների հետ եւ կատարում գործարար դաշտի ուսումնասիրություններ: 2000-ական թվականների երկրորդ կեսին ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող «դրամի լողացող կուրսի» քաղաքականության պատճառով բազմաթիվ վարկառուներ, ովքեր վարկը վերցրել էին արտարժույթով, հայտնվեցին պարտքերի լրացուցիչ բեռի տակ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված տնտեսական ակտիվության նվազումը ծանր ազդեցություն ունեցավ նաեւ արցախյան տնտեսվարողների վրա:

Այժմ, այս տնտեսվարողներից շատերը ստիպված են ժամանակ ծախսել դատարաններում, որտեղ բանկերը եւ Արցախի ԿԱ հարկային պետական ծառայությունը «հաղթանակներ» են տոնում՝ առգրավելով պարտապանների գույքը եւ միջոցները: Ձեռնարկությունների բազմաթիվ բանկային հաշիվներ մնում են կալանավորված հարկայինի կողմից:

Այս միտումը զգալիորեն վնասելու է գործարար աշխարհին, հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որի շատ ներկայացուցիչներ հայտնվել են եւ հայտնվելու են ոչնչացման հեռանկարի առջեւ: Այս միտումից խուսափելու եւ տնտեսվարողներին աջակցելու նպատակով «Ազգային վերածնունդ» կուսակցությունն Արցախի կառավարությանը կոչ է անում իրականացնել հարկային համաներում, ներել առկա հարկային տույժերն ու տուգանքները եւ չվճարած հարկերի համար ողջամիտ ժամանակահատվածով մարման ժամանակացույց մշակել»:

Տպել
Ամենաշատ