News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված հայտարարությունների նմանություններն ու տարբերությունները NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպայի առանցքային 2 երկրների ղեկավարների հայտարարությունները Ցեղասպանության հետ կապված ծանր դրության մեջ են դրել թուրքական իշխանություններին։ Նախ հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայում հայտարարեց, որ ամեն ինչ անելու են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար եւ կոչ արեց Թուրքիային առարեսվել պատմության հետ։ Օլանդը  նաեւ թուրքերի համար  ցանկալի Թուրքիայի ԵՄ անդամակցության համար դրական ազդանշան եւս չտվեց՝ շեշտելով, որ այն Ֆրանսիայում ժողովուրդն է որոշելու քվեարկությամբ։

Օլանդը Թուրքիայում ցույց տվեց նույն դիրքորոշումը Ցեղասպանության հարցում, ինչն ունեին իր նախորդները եւ ասաց այն, ինչ սպասում էին Ֆրանսիայում։ Պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն Գերմանիայի կանցլեր Մերկելի հայտարարության, այստեղ խոսքը ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ դրանից մեկ քայլ առաջ՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասին է։

Այս ընթացքում բավականին անակնկալ տեղեկություն հայտնվեց թուրքական Hurriyet-ում Էրդողան-Մերկել հանդիպման մասին։ Տարօրինակ է, սակայն այս մանրամասները հայտնի էին դարձել միայն Hurriyet-ում, ինչը տարակարծությունների տեղիք է տվել։ 

Նշենք, որ Hurriyet-ի հիշյալ հրապարակման մեջ գլխավոր թեման Հայոց ցեղասպանության հետ կապված տեղեկությունը չէ, այլ Մերկելի եւ Էրդողանի միջեւ Թուրքիայում նախագահական ընտրությունների հետ կապված զրույցն է։ Գերմանիայի կանցլերը Թուրքիայի վարչապետից հարցրել է, թե արդյոք նա նախագահի թեկնածու առաջադրվելո՞ւ է, իսկ երբ Էրդողանը մի պահ սառել է այդ հարցից, Մերկելն ուղղակի հեգնել է Էրդողանին՝ կատակով ասելով. «Խոսք եմ տալիս, որ պատասխանը ոչ մեկի չեմ ասի։ Էրդողանը  խուսափել է ուղիղ պատասխանից՝ ասելով, թե իրենց օրակարգում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններն են։

Ըստ Hurriyet-ի հիշյալ հրապարակման՝ Ցեղասպանության հետ կապված թեման բացել է հենց Էրդողանը՝ նշելով, թե 1915-ի մոտեցող 100-րդ տարելիցի հետ կապված Գերմանիայում բյուջեից գումարներ են տրամադրում՝ կոչ անելով Մերկելին այդ հարցում սթափ լինել։

Մերկելի պատասխանն էլ անսպասելի է եղել։ Նա շեշտել է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, միեւնույն ժամանակ կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ եւ բացել Հայաստանի հետ սահմանը։

Եթե ընդունենք, որ իրոք եղել է նման խոսակցություն, ինչի մասին գրել է Hurriyet-ը, ուրեմն կարելի է եզրակացնել, որ Մերկելի պատասխանը, թե Գերմանիան ժողովրդավարական երկիր է, արդեն հարված էր Էրդողանին։ Այսինքն, ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան ժողովրդավարական երկիր է։ Մերկելը պատմության հետ առերեսվելու կոչով մյուս հարվածն է հասցրել Էրդողանին՝ հասկացնելով, որ մարդկության դեմ հանցանք կատարած եւ այդ ամենն ընդունելուց հրաժարվող երկիրը չի կարող ուղղություն ցույց տալ Գերմանիային։

Թե Ֆրանսիայի նախագահի, թե Գերմանիայի կանցլերի հիշյալ հայտարարությունները վկայում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ֆիասկոյի մասին։ Եվրոպայի 2 առանցքային երկրների ղեկավարները Թուրքիային ուղղակի ցույց տվեցին իր տեղը՝ հասկացնելով, որ «Եվրոպայի հիվանդ մարդը» (Եվրոպայում այդպես էին անվանում Օսմանյան Թուրքիային) լուրջ բուժման կարիք ունի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ