News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է նկարիչ Ռաֆայել Մելիքյանին՝ Մեգալին եւ պարգեւատրել նախարարության «Արշիլ գորկի» մեդալով՝ սփյուռքում հայկական արվեստը տարածելու եւ ճանաչելի դարձնելու, իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաեւ գեղանկարչության   ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու համար:

Ներկայացնելով արվեստագետին՝ նախարարը մասնավորապես նշել է. «Չնայած երիտասարդ տարիքին՝  Ռաֆայել Մեգալը հասցրել է նվաճել շատ աշխարհահռչակ ցուցասրահներ եւ իր ստեղծագործությամբ զարմացնել եւ ուրախացնել շատ արվեստաբանների: Նրա նկարները այս աշխարհը դարձնում են ավելի գունագեղ, բարի, լուսավոր»:

Մեգալը մեծ ճանաչում ունի, ՀՀ վաստակավոր նկարիչ է եւ աշխարհում ամենացուցադրվող ժամանակակից հայ նկարիչներից մեկը: Նա ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում (Նյու Յորք), Ֆրանսիայում (Փարիզ), Մակեդոնիայում, Կանադայում եւ մի շարք այլ երկրների լավագույն ցուցասրահներում: Անհատական ցուցահանդես է ներկայացրել աշխարհի ժամանակակից արվեստի կենտրոն համարվող Լոնդոնում:

Ցուցահանդեսներից բացի, Ռ. Մեգալի աշխատանքները պարբերաբար հայտնվում են այնպիսի խոշոր աճուրդային կենտրոններում, ինչպիսին «Քրիսթիսն» է:

Ֆլորենցիայում նրա «Մարութա սարը» մասշտաբային, չափազանց ազդեցիկ ստեղծագործությունը արժանացել է արծաթե մեդալի: Օգտագործելով հայկական խորհրդանիշները՝ նա փորձել է կենդանիների միջոցով ներկայացնել չարի եւ բարու պատերազմը:

Գարնանը Ռ. Մեգալը կմեկնի Լոս Անջելես, որտեղ մարտի 11-ին կբացվի նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, Ռաֆայել Մեգալը խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է կրել «Արշիլ Գորկի» մեդալը: «Այն նաեւ պարտավորեցնող է եւ ոգեշնչող»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանը նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթեց արվեստագետին:

Տպել
Ամենաշատ