News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղյակ չէ, որ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը կալանավորված է: «Ես տեղյակ չեմ, մյուս անգամ այդ հարցով չզանգեք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանը:

Մեր բոլոր հարցերին ի պատասխան՝ մարզպետը միայն կրկնում էր՝ «տեղյակ չեմ, մյուս անգամ ինձ այդ հարցով չզանգեք»: Դիտարկմանը, թե զարմանալի է, որ մարզպետը տեղյակ չէ իր վարչության պետի պաշտոնական դիրքի չարաշահման գործով կալանավորման մասին, Սարգիս Սահակյանը կատակեց. «Զարմանալի մարդ, զարմանալի հայ»: Նա նույնիսկ տեղեկություն չուներ, թե իր վարչության պետը  աշխատանքից ազատվել է, թե դեռ համարվում է աշխատակից, գալիս է աշխատավայր, թե ոչ: «Այսինքն՝ եթե կալանավորված է, ո՞նց է գալիս աշխատանքի»,-ծիծաղելով հակադարձեց մարզպետը: Հարցին, թե ձեր աշխատակիցը առնվազն երեք օր չի եկել աշխատանքի, չե՞ք հետաքրքրվել, թե ինչն է բացակայության պատճառը, Սարգիս Սահակյանը կրկնեց հինը՝ «բավարարվեք այնքանով, ինչ հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը): Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Գործի մասին այլ մանրամասներ չհաղորդեցին:

Տպել
Ամենաշատ