News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը պետք է իր բոլոր հաշվետվություններն ու պայմանագրերը ներկայացնի իր պետական լեզվով՝ անկախ նրանից, դա որեւէ մեկին դուր է գալիս, թե ոչ, անկախ նրանից՝ որքանով է դա դժվարացնում կամ հեշտացնում այս կամ այն երկրի պաշտոնյաների աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի հայտարարությունը, թե Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների աշխատանքային լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը, եւ «պետք է լուրջ աշխատանք տանել, հակառակ դեպքում այդ երկրներում իրար չեն հասկանա»:

Զոհրաբյանի խոսքով՝ բարեբախտաբար, Հայաստանում պետական լեզուն դեռեւս հայերենն է, եւ ինքը հույս ունի, որ այդպես էլ կմնա՝ անկախ բոլոր հնարավոր մաքսային գործընթացներից:

Հարցին, թե հայկական կողմը հանդես կգա՞ պատասխան առաջարկով, որ ռուս պաշտոնյաները սովորեն հայերեն, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Չեմ կարծում, որ հայկական կողմն այդքան համարձակություն կունենա, ես դա բացառում եմ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ռուսաստանի Դաշնային մաքսային  ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում արդիական խնդիրներից մեկը տեղեկատվական փոխգործակցության կարգավորումն է: Նա պարզաբանել է, որ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախաստանի մաքսային ծառայությունների գործնական շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում ՝ հայերենը: «Պետք է լուրջ աշխատանք կատարել, այլապես միմյանց չենք հասկանա: Պետք է շատ աբն նորից յուրացնել»,-ընդգծել է ԴՄԾ նախագահը: Միաժամանակ նա հավելել է, որ «պետք է հարգանքով վերաբերել այն պահուստին, որն ունի Հայաստանը»:

Մաքսային միության անդամակցության մտադրության մասին Հայաստանը հայտարարել է 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցություններից հետո: Դեկտեմբերի 24-ին հաստատվեց Հայաստանի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը», իսկ այս տարի հունվարին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումների ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ