News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մաքսային միության մասնակից երկրների պետական եւ պաշտոնական լեզուները պետք է հավասար լինեն կիրառման եւ շփման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի հայտարարությունը, թե Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների աշխատանքային լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը, եւ «պետք է լուրջ աշխատանք տանել, հակառակ դեպքում այդ երկրներում իրար չեն հասկանա»:

Պատգամավորի համոզմամբ՝ Մաքսային միությունում պետք է հասկանան, որ պետք է հարգել ազգային լեզուները: «Եթե խնդիր կա տեխնիկական առումով, ապա նրանք կարող են շփվել իրենց համար ցանկացած հարմար լեզվով: Նույն ռուսերենում, ողջ համակարգչային տերմինները անգլերեն են»,-նկատեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ որքան շատ խորանա Հայաստանի անդամության գործընթացը Մաքսային միությանը, այնքան ավելի հաճախ ենք լսելու նմանատիպ հայտարարություններ:

Հայաստանի պաշտոնատար անձինք, ըստ «Ժառանգության» պատգամավորի, պետք է պահանջկոտ լինեն, պաշտպանեն մեր Սահմանադրությունն ու շահերը: «Եթե նրանք դա չեն կարողանում անել, բնականաբար, հասարակությունը պետք է համարժեք կերպով արձագանքի»,-ասաց Թեւան Պողոսյանը:
Հայ բանակցողները, նրա խոսքով, պետք է իրենց առջեւ խնդիր դնեն, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցությունը չպետք է ոտնահարի Հայաստանի ազգային շահերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ռուսաստանի Դաշնային մաքսային  ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում արդիական խնդիրներից մեկը տեղեկատվական փոխգործակցության կարգավորումն է: Նա պարզաբանել է, որ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախաստանի մաքսային ծառայությունների գործնական շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում ՝ հայերենը: «Պետք է լուրջ աշխատանք կատարել, այլապես միմյանց չենք հասկանա: Պետք է շատ աբն նորից յուրացնել»,-ընդգծել է ԴՄԾ նախագահը: Միաժամանակ նա հավելել է, որ «պետք է հարգանքով վերաբերել այն պահուստին, որն ունի Հայաստանը»:

Մաքսային միության անդամակցության մտադրության մասին Հայաստանը հայտարարել է 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցություններից հետո: Դեկտեմբերի 24-ին հաստատվեց Հայաստանի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը», իսկ այս տարի հունվարին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումների ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ