News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք դատապարտում ենք ցանկացած օրինախախտ գործողություն խոսքի ազատության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով փետրվարի 12-ին «Չորորդ իշխանություն» թերթի լրագրողի նկատմամբ կիրառված բռնության փաստին:

Նրա խոսքով՝ Հայաստանը խոսքի ազատության մակարդակով առաջին տեղերից մեկն է գրավում տարածաշրջանում եւ իրենց համար անընդունելի է օրենքի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:

«Այս դեպքի մանրամասներին ծանոթ չեմ: Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ մենք շատ վատ ենք գնահատում ցանկացած ոտնձգություն եւ դրա վառ ապացույցը իրականացրած բարեփոխումներն են, որոնց արդյունքում, միջազգային կառույցների զեկույցների համաձայն, մամուլի ազատության առումով ԵՄ որոշ երկրներից՝ Հունաստանից, Բուլղարիայից առաջ ենք անցել: Մենք շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումները, իրավական գնահատական պատրաստ չեմ տալ, դա համապատասխան մարմինների գործն է»,-ասաց նա՝ հավելելով, որ եւ ակտիվիստների, եւ լրագրողների, եւ քաղաքացիների գործողությունները պետք է լինեն օրենքի սահմաններում»:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, երբ ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ին հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում: Նրանց խոչընդոտել են մի խումբ երիտասարդներ, որից հետո ՀԱԿ ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանություն: Ինչպես պարզվել է, երիտասարդների շարքում եղել են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, ինչպես են լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառում: Լրագրողի խոսքով՝ ոստիկանները խլել են իր տեսախցիկը, իսկ բաժնի պետը հարվածել է իրեն:

Տպել
Ամենաշատ