News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառումներին: Նախարարը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ  տիկին Մասումե Էբթեքարի հետ: Քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ներկա վիճակին եւ հետագա ծրագրերին առնչվող հարցեր: Համաձայնություն է ձեռք բերվել Ուրմիա լճի հիմնախնդրին նվիրված Թեհրանում անցկացվելիք միջազգային գիտաժողովին հայ մասնագետների մասնակցության շուրջ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին բնապահպանության ոլորտում երկու պետությունների միջեւ գործնական հարաբերություններն ամրապնդվել են եւ, որ   2011թ. ԻԻՀ նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում  ընդունված գործողությունների ծրագրով նախատեսված երկու պետությունների ընդհանուր սահմանում «Բարեկամության եւ խաղաղության այգի»  ստեղծելու գործընթացը մեկնարկել է:

ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ վերոհիշյալ նախաձեռնության իրագործման շրջանակներում հայկական կողմը Մեղրու սահմանամերձ տարածքներում արդեն նախատեսել եւ քարտեզագրել է 6 էկոլոգիական միջանցք, ծրագրվում է առանձնացնել միգրացիոն ուղիներ,  սահմանել համապատասխան պահպանության ռեժիմ, որը կապահովի  կենդանիների անարգել միգրացիան, ինչպես նաեւ նախադրյալներ ստեղծել այդ տարածքներում գիտական փոխգործակցության համար:

Նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է ԻԻՀ Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու պետություններում այլընտրանքային էներգիայի զարգացման հեռանկարներին եւ Արաքս գետի աղտոտվածությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես արձանագրվել է, որ 2005 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ստեղծված հայ-իրանական փորձագետների համապատասխան աշխատանքային խմբերը պարբերաբար արդյունավետ ուսումնասիրություն են իրականացնում` համաձայն Արաքս գետի ջրի համատեղ եւ միաժամանակյա նմուշառման մշակված պլան-ժամանակացույցի եւ ջրի լաբորատոր ուսումնասիրության մեթոդաբանության:

Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության  ղեկավար Մոհամմադ Ռեզա Թաբեշի հետ հանդիպմանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մտքեր է փոխանակել բնապահպանական խնդիրների լուծման օրենսդրական մեխանիզմների շուրջ: Կողմերը կիսվել են երկրների բնապահպանական օրենսդրական դաշտի ձեւավորման առանձնահատկություններով եւ օրինաստեղծ ոլորտում ունեցած փորձով: Հանդիպմանը ներկա էին մեջլիսի երկու հայ, մեկ ասորի եւ մեկ հրեա պատգամավոր, ովքեր նույնպես ակտիվ մասնակցում էին քննարկումներին:

Պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ բնապահպանության նախարարը հատուկ հրավիրյալի կարգավիճակում մասնակցել է  «Բնապահպանական միջազգային 13-րդ ցուցահանդեսի» բացմանը, որտեղ հանդես  է եկել ողջույնի խոսքով: Միջոցառման ժամանակ նախարար Հարությունյանը քննարկումներ է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահ պարոն Էսհաք Ջհանգիրի հետ, որի ժամանակ հատուկ կարեւորվել են բնապահպանական խնդիրների լուծումները:

Նախարար Արամ Հարությունյանը  այցելել է Թեհրանի մերձակայքում գործող աղբի վերամշակման գործարան, ծանոթացել այնտեղ ներդրված մշակման նոր տեխնոլոգիային եւ փուլերին:

ՀՀ բնապահպանության նախարարը այցելել է նաեւ Իրանի ջրի թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին եւ գրառումներ կատարել պատվավոր հյուրերի մատյանում: 

Թեհրանի  Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում  նաեւ կայացել է Արամ Հարությունյանի հանդիպումը թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի եւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ