News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունում է, որ բանակում առկա են արատավոր երեւույթներ` միաժամանակ առաջարկելով միասին պայքարել դրանց դեմ: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին Երկրապահ կամավոր միության 10-րդ հոբելյանական համագումարից առաջ լրագրողներին ասաց Պաշտպանության նախարարը:

«Մենք իհարկե բանակի մասին կառուցողական քննադատությունը եւ շատ դեպքերում հասարակությունն է հենց մեզ ուղղորդում, թե ինչ ոնց անենք, նորմալ ենք ընդունում եւ այդ ուղղությամբ աշխատում ենք: Միեւնույն ժամանակ էլ սա մեր հարազատ բանակն է, իմը չէ, մեր ժողովրդինն է»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանն առաջարկեց ընթացիկ տարում միասին պայքարել բանակում առկա արատավոր երեւույթների դեմ. «2014 թ. առաջարկում եմ բոլորս պայքարենք այն բոլոր արատավոր երեւույթների դեմ, որոնք որ կան երիտասարդների, պատանիների մեջ եւ որոշ մասն էլ որ ներթափանցում է բանակ, հիմնականում միջանձնային հարաբերությունների խախտման հարցում փողոցային արատավոր բարքերն են: Եկեք պայքարենք»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ՊՆ նախարարն աջակցում է միայն երկրապահներին, Օհանյանը պատասխանեց. «Իմ պաշտոնը շատ մեծ ծանրաբեռնվածություն է պարունակում, իմ պաշտոնն ինքնին խոսում է այն բանի մասին, որ ես պետք է աջակցեմ, համագործակցեմ ոչ միայն երկրապահի, այլեւ ազատամարտիկների, վետերանների եւ բոլոր հասարակական կազմակերպությունների հետ, զոհվածների մայրերի հետ»:

Լրագրողների այն հարցին` ինչու են Արցախյան ազատամարտի շատ հերոսներ այսօր հարուստ, նախարարը չհամաձայնվեց. «Ի՞նչ եք կարծում` կռված տղաները, որոնք ապահովել են այսօրվա խաղաղ ապրումը, ապահովել են այսօրվա մեր պետության զարգացումը, կռվել են այս երկրի համար, նրանք չպիտի՞ ինչ որ հնարավորություններ ունենան իրենց անձնական խնդիրները իրականացնելու համար, մանավանդ շուկայական այս հարաբերությունների մեջ: Դե գնացեք այդ հարցերը տվեք շատ-շատ օլիգարխների, որոնք որ հարստացել են:

Լրագրողի դիտարկմանը, թե բանակում կան պաշտոնյաներ, ովքեր իսկապես օլիգարխ են, նախարարը հերքեց. «Բանակում այսօր օլիգարխ չկա, եթե մատով ցույց տաք` ինչ հարստություններ ունեն մյուսների համեմատ, ես ձեզ կասեմ` ես պարտվեցի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի է ունեցել Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀԿ-ական վերնախավը:

Տպել
Ամենաշատ