News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանն» առաջին հերթին պետք հանդես գա հայտարարությամբ սեփական քաղաքական կարգավիճակի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանում պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը կուսակության համագումարի ընթացքում:

Նրա կարծիքով՝ սա այն դեպքն է, երբ յոթամյա քաղաքական ուժն ի վիճակի չէ ինչ-որ բան ասել: «Կուսակցությունը պետք է հանդես գա հայտարարությամբ, շարունակում է նա մնալ անորոշ կարգավիճակում, թե ընդդիմության շարքերն է անցնում: Նման հայտարարություն չի հնչեցվել: Մյուս բոլոր հայտարարությունները չեմ համարում լուրջ ու կարեւոր»,- նշել է Եսայանը: Նրա համոզմամբ՝ եթե որեւէ կուսակցություն համարում է, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ու որ չեն կիսում իշխանության քաղաքականությունը, ապա պետք է կամք ունենա հայտարարելու համար հետագա քաղաքական կարգավիճակի մասին: «Կարծում եմ, համագումարը նշանի համար էր. «Բարգավաճ Հայաստանը» կողմնակիցներ ունի, որոնք, կարծում եմ, սպասում էին վճռական հայտարարությունների, որոնք որ չեն հնչել: Իսկ ինչու. Պետք է թողնեն հասարակության դիտարկմանը»,- նշել է պատգամավորը:Նրա կարծիքով՝ պատասխանն առավել քան պարզ է:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանի» հերթական համագումարի ժամանակ փետրվարի 15-ին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել երկրի գործող իշխանության քննադատությամբ: Մասնավորապես, նա ընդգծել է. «Յուրաքանչյուր քայլ կամ որոշում, որն առաջարկում է Կառավարությունը, սակայն չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկենք: Հասարակության տարբեր հատվածներում բողոքի ցույցերի ու դժգոհության դեպքում մենք պետք է այդ մարդկանց կողքին լինենք, լսենք նրանց խնդիրները ու փորձենք արդար լուծման հասնենք: Այսօր մեր առջեւ մի շարք խնդիրներ կան. կա արտագաղթի խնդիր եւ որ ամենակարեւորն է, մարդկանց շրջանում մարում է հույսը, որ դժվարություններին վերջ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ