News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Կնոջը ծեծելու, խոշտանգելու մեջ մեղադրվող՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, բախտագուշակ Վարսիկի տղան՝ Սարգիս Հակոբյանը, իր 6-ամյա որդուն սովորեցրել է մոր հետ հեռախոսով խոսելիս հայհոյել նրան:

«Ինչքան զանգում եմ,  երեխային սովորեցնում է, ինձ էնպիսի բաներ է ասում, որ 6 տարեկան երեխան չի ասի: Ասում է՝ բա դու խի՞ ես պապային բռնել տալի, լավ կնիկը մարդու ձեռքից չի փախնի, դու սոված ես մնալու, դու մեզ չես կարա պահես: Ինձ ասում է՝ ես լավ տղա եմ, պապաս լավ տղա ա, մենք լավ  ընկերություն ունենք»,-NEWS.am-ին պատմեց Հասմիկ Խաչատրյանը, որն ամուսնու բռնություններից ազատվելու համար մեկ տարի առաջ փախել է տանից ու դիմել «Կանանց աջակցման կենտրոնի» օգնությանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 18-ին,  ամուսնու դեմ հարուցված քրեական գործով դատական նիստից առաջ Հասմիկը ամիսների ընդմիջունից հետո հնարավորություն ունեցավ որդուն տեսնելու, սակայն 6-ամյա փոքրիկը խուսափեց մոր հետ շփումից: Հասմիկը պատմեց, որ թե որդին, թե 7-ամյա աղջիկը, որը լսողության հետ խնդիրներ ունի և այժմ իր հետ է բնակվում, միշտ վախեցել են հորից:

«Ամեն անգամ, երբ ինքը խմած էր լինում, էրեխեքը թաքնվում էին:  Գիշերվա կեսին գալիս էր, էրեխեքին արթնացնում էր, քաշքշում էր, խփում էր, ասում էր՝ թքի մամայիդ վրա, ծեծի մամային: Տղաս լացում, ասում էր՝ մամա, չեմ ուզում, որ քեզ նեղացնի»,-պատմեց Հասմիկը:

Նրա խոսքով՝ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ինքը բազմիցս ծեծի է ենթարկվել. ամուսինը մինչև անգամ աթոռը ջարդել է իր թիկունքին ու աթոռի կոտրված մասով հարվածել գլխին. «Մահամերձ վիճակում էի: Տալերս գալիս էին, մշակում էին գլխիս վերքերը»:

Գլխին մինչեւ այժմ սպիեր կան, սակայն ծեծելու փաստը ամուսնու կողմը չի ցանկանում ընդունել:

«Տենց հասկացողություն չկա, որ Սարոն աթոռով ծեծել ա»,-պնդեցին դատարան եկած Սարգիսի ընկերներն ու ծանոթները:

Հասմիկը պատմում է, որ աթոռով ծեծելուց  մեկ ամիս անց, հենց այն օրը, երբ ինքը փախել է տնից, ամուսինը սպանելու աստիճանի ծեծել է իրեն: «Խմած եկավ, առանց պատճառի կռիվ սարքեց ու խփեց ինձ: Ականջիս թաղանթը պատռվեց, գլխիս մեջ աղմուկ էր: Ես փախա բակ: Հետո հայրն ու մայրն եկան, ասեցին՝ հերիք է ծեծես էս աղջկան, մեղք է, կմահանա: Ու ինքը նստեց մեքենան, գնաց: Մի փոքր ժամանակ անց նորից եկավ կռիվը շարունակելու: Խփեց, ու էլ ես չեմ հիշում ինչ արագությամբ եմ փախել ձեռքից, որ չբռնի: Թե չէ որ բռներ, ես գիտեի, որ մեռնելու էի»,- պատմեց Հասմիկը:

Այդ օրը ամբողջ գիշեր թաքնվել է գյուղում, մինչև հայրն ու մայրը գտել են իրեն ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ Հասմիկը հաղորդում է տվել հանցագործության մասին և դիմել «Կանանց աջակցման կենտրոնի» օգնությանը:

Ոստիկանության Գեղարքունիքի բաժնում դեպքին լուրջ չեն վերաբերվել, քանի որ խոսքը բախտագուշակ Վարսիկի տղայի մասին էր, որը, Հասմիկի խոսքով, կապեր ունի իր հաճախորդ պաշտոնյաների շրջանում։

Հասմիկին հաջողվել է հասնել նրան, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն արդար դատավարության սպասելիքներ չունի, քանի որ սկեսուրը, իր խոսքով, ազդեցություն ունի անգամ այդ համակարգի վրա:

Գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը ներկա չէր:

Տպել
Ամենաշատ