Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:
Կամո Հովհաննիսյանը նշանակվել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկատվությունը՝ նշելով սակայն, որ Կամո Հովհաննիսյանը դեռ չի լքել իր աշխատավայրը:
«Վաղն առավոտյան գալու է: Չգիտենք՝ դեռ ինչքան է շարունակելու աշխատել»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Նշենք, որ օրեր առաջ թատրոնի անձնակազմը բողոքի ցույց էր կազմակերպել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Թե ինչքանով է այս բողոքի ակցիան կապված Կամո Հովհաննիսյանի հրաժարականի հետ, մեզ չհաջողվեց պարզել: