News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տարիներ առաջ կողմ է քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին եւ նույնիսկ ներգրավված են եղել աշխատանքային խմբում: Այս մասին, այսօր` փետրվարի 20-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ-ի` փետրվարի 15-ին կայացած համագումարին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ կուտակային կենսաթոշակային նոր համակարգի մասին:

«ԲՀԿ-ի քայլերը ոչ հաշվարկել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ հաշվարկելու, եւ զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ ԲՀԿ ղեկավարությունը քննադատում է կառավարությանը: Իրենք միշտ էլ քննադատում են: Ե՞րբ չեն քննադատում: ԲՀԿ-ի հնչեցրած կարծիքներից կոնկրետ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ունենք մեր հստակ դիրքորոշումը: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ «Բարգավաճ Հայաստանը» ուներ նույն դիրքորոշումը, ինչ որ ուներ Հանրապետականն ու Օրինացը, եւ նրանք կողմ են քվեարկել եւ ոչ միայն կողմ են քվեարկել, այլեւ աշխատել են եւ ունեցել իրենց ներգրավվածությունը աշխատանքային խմբում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին կայացած ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչեւ 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս եւ ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել»:

Տպել
Ամենաշատ