News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի զորակոչվելուց մեկ շաբաթ անց մահանալու պատճառներն առաջիկայում  պարզ կլինեն եւ գործի շրջանակներում մեղադրյալներ կլինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդիկ Շահնազարյանի իրավահաջորդ, նրա հորեղբայր Շիրակ Շահնազարյանը: Վերջինս, ի դեպ, Գյումրիի նախկին ոստիկանապետն էր, այժմ Գյումրիի քաղաքապետարանի մոնիթորինգի բաժնի պետն է:

Մոտ մեկ ամիս տարված քննությամբ պարզվել է, որ երեխայի մահանալու պատճառը պատվաստումն էր, որը բարդություն էր ունեցել, իսկ բուժկետի պետը հավուր պատշաճի ուշադրություն չի դարձրել:

«Պատվաստումից հետո սրացում է եղել, ինքը գլխացավեր ուներ, ջերմություն, որը դեղերով փորձել է իջեցնել: Պետք է հսկողություն իրականցվեր բուժկետի պետի կողմից, երբ իրեն հրամանատարը տարավ բուժկետ, պետը ուշացրեց նրան հոսպիտալ տեղափոխումը: Այստեղ մի խնդիր կա, եթե բժիշկը շուտ հասցներ հոսպիտալ, երեխան կփրկվե՞ր, թե՞ հնարավոր չէր, որ փրկվեր: Ջերմության մասին մենք հետո ենք իմացել, ինքը անընդհատ ասում էր՝ գլուխս ցավում է, ջերմությունը իջեցրել է դեղերով, գյուղի տղա էր, ասել է՝ նորմալ եմ: Երեխան շուրջ 10 ժամ մնացել է բուժկետում, հետո բուժկետի պետը խոստովանել է, որ 39,9 ջերմություն է ունեցել, իր հետ մեկ ուրիշ ծառայող էլ կար, իրեն տարել է հոսպիտալ, Էդիկին՝ ոչ, թե ինչու, ինքը պիտի ասի, ասում է՝ ջերմությունը իջավ, լավ էր զգում, չտարա, բայց կա նախարարի հրաման, որ եթե 37 աստիճանից բարձրանում է ջերմությունը, ուրեմն պարտավոր է անմիջապես տանել հոսպիտալ: Ամենայն հավանականությամբ, եթե տաներ հոսպիտալ, երեխան կփրկվեր, որովհետեւ ում տարել են, փրկվել է»,- ասաց զինծառայողի նախկին ոստիկանապետ հորեղբայրը:

Նա գոհունակություն հայտնեց կատարված քննությունից՝ նշելով, որ օբյեկտիվ եւ բազմակողմանի կատարվող քննության շնորհիվ իրականությունը կբացահայտվի: Այժմ հանձնաժողովային փորձաքննություն է նշանակված, որից հետո կլինի համալիր փորձաքննություն, նպատակն է՝ պարզել պատճառական կապը զինվորին հոսպիտալ չտեղափոխելու եւ մահանալու մեջ: Շիրակ Շահնազարյանի փոխանցմամբ՝ առաջիկա 20 ընթացքում  կորոշվի, թե բուժկետի պետին Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի որ մասով մեղադրանք կառաջադրվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 20-ին, ժամը  08:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Մահվան փաստով նշանակված ծառայողական քննությամբ նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին, խիստ նկատողություն՝ զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին։ Բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, իսկ զորամասին բուժկետի պետը ազատվել է պաշտոնից։ 

Տպել
Ամենաշատ