News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը, միանալով «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության հայտարարությանը, իր մտահոգությունն է հայտնում ինչպես Ուկրաինայի մշակութային ժառանգության, այնպես էլ Ուկրաինայում առկա հայկական ժառանգության անխաթար ու ամբողջական պահպանության վերաբերյալ:  

«Կապույտ վահան» միջազգային ընկերությունը փետրվարի 27-ին հայտարարություն է տարածել. «Ուկրաինայի թանգարանները, գրադարանները եւ վավերագրական ժառանգությունը, հուշարձանները, եկեղեցիներն ու վանքերը գտնվում են ավերման ու կողոպուտի սպառնալիքի ներքո: ժառանգության միջազգային հանրությունը նախազգուշացնում է այն հնարավոր վնասի մասին, որ կարող է կրել մշակութային ժառանգությունն Ուկրաինայում:

«Կապույտ վահանն» անհանգստացած է հատկապես Կիեւի պատմության թանգարանին պատճառված վնասների մասին զեկույցի կապակցությամբ: Մշակութային հանրության ուշադրության կենտրոնում է նաեւ Ուկրաինայի քաղաքական պատմության հետ կապված հուշարձանների ավերումը: «Կապույտ վահանը» հորդորում է Ոկրարինայի կառավարությանը ուսումնասիրել 2014թ. փետրվարի 18-19-ի գիշերը  Կիեւի պատմության թանգարանի պահոցներում տեղի ունեցած միջադեպը եւ վտանգված հավաքածուները տեղավորել առավել անվտանգ տարածքներում:

Հիշեցնելով պատմական, գիտական եւ գեղարվեստական ժառանգությունների պահպանության կարեւորությունը` «Կապույտ վահանը» ողջունում է Ուկրաինայում «Կապույտ վահան» կազմակերպության ազգային կոմիտեի ստեղծումը, որը ներկա պահին, գործելով դժվարին պայմաններում, պաշտպանում է Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձանները` անկախ դրանց քաղաքական կամ սոցիալական ծագումից: «Կապույտ վահանն» ամբողջովին պաշտպանում է Ուկրաինայի հարուստ ժառանգության պաշտպանությունը համակարգելու  ուկրաինական ազգային կոմիտեի նախաձեռնությունը եւ ջանքերը:

Ուկրաինան «Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի եւ դրա Առաջին արձանագրության կողմ-պետություն է դեռեւս 1957թ. փետրվարի 6-ից: Ուկրաինան նաեւ անդամակցում է Համաշխարհային մշակութային եւ բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիային` 1988թ. հոկտեմբերի 12-ից:

2004թ. Ուկրաինայի կողմից ընդունված «Միջազգային մարդասիրական օրենսդրության ուղեցույցը» հստակորեն սահմանում է, որ մշակութային ժառանգության օբյեկտները պահպանող աշխատակազմերը «պաշտպանվում են միջազգային մարդասիրական օրենքի համաձայն» եւ հարձակումն այդ մարդկանց վրա հանդիսանում է միջազգային օրենքի խախտում:

Ուկրաինայի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերը, Ուկրաինայի ազգային օրենսդրությունը եւ համընդհանուր միջազգային իրավունքը ուկրաինացի  ազգին են վերապահում զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորությունը: «Կապույտ վահանը» կոչ է անում ընդհարման բոլոր կողմերին կատարել այդ պարտավորությունը»:

Նշենք, որ Ուկրաինայում են գտնվում Ղրիմի Սբ Խաչ, Յալթայի, Եվպատորիայի, Թեոդոսիայի հայկական եկեղեցիները, Լվովի Սբ Աստվածածին Մայր տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Տպել
Ամենաշատ