News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Նախիջեւանիկ եւ Վարդաձոր գյուղերի ջրամատակարարման ցանցերը կկառուցվեն Ֆրանսիայում հայ համայնքի համաֆինանսավորմամբ: Այս մասին նշել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով մարտի 1-ին եւ 2-ին ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ, Վարդաձոր, Խրամորթ եւ Խնապատ, ինչպես նաեւ Մարտունիի շրջանի Կարմիր Շուկա եւ Թաղավարդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ, հանդիպումներ ունենալով տեղի բնակչության հետ:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նախիջեւանիկ եւ Վարդաձոր համայնքներում Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ գյուղերի ջրամատակարարման ներքին եւ արտաքին ցանցերը շուտով կկառուցվեն՝ կառավարության եւ Ֆրանսիայում հայկական համայնքի համաֆինանսավորմամբ: Մատնանշելով տեղերում կատարված աշխատանքները՝ վարչապետը, այնուամենայնիվ, գյուղի զարգացումը պայմանավորեց տնտեսական ակտիվությամբ: Այս տեսանկյունից կառավարության ղեկավարը կոչ արեց բնակիչներին հետեւել հողամշակման կանոններին, ինչը կհանգեցնի բերքատվության նշանակալի աճի: Նա կոչ արեց նաեւ այդ ճանապարհին արդյունավետ օգտվել պետության տրամադրած աջակցությունից, որը տրվում է արտոնյալ վարկերի, սուբսիդիաների, պարարտանյութերի, սերմացուների, դիզվառելիքի եւ այլ միջոցների տեսքով: Վարչապետը կարեւորեց նաեւ գյուղատնտեսության բազմազանության ապահովումը՝ խորհուրդ տալով գյուղացիներին ավելի մեծ ծավալներով զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների եւ պտղատու այգիների մշակմամբ:

Կարմիր Շուկա համայնքում, բացի բնակչության հետ հանդիպումից, վարչապետ Ա. Հարությունյանը ծանոթացավ 300 աշակերտի համար կառուցվող դպրոցի նոր շենքի շինարարության, ինչպես նաեւ բազմաբնակարանային շենքերի կառուցման պլանավորման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը գոհունակություն հայտնեց Կարմիր Շուկայում եւ Թաղավարդում ջրամատակարարման, ճանապարհաշինության, դպրոցաշինության եւ համայնքային կենտրոնների շինարարության ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ շուտով կսկսվեն նաեւ մանկապարտեզների կառուցման աշխատանքները նշյալ գյուղերում, ինչը վերջին տարիներին գրանցված ծնելիության աճի համատեքստում ավելի արդիական խնդիր է դառնում:

Հանդիպումների վերջում բնակիչները վարչապետ Հարությունյանին ուղղեցին հարցեր եւ առաջարկություններ՝ ստանալով համապատասխան պարզաբանումներ: Այցերի ընթացքում գործադիրի ղեկավարին ուղեկցում էին արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը եւ Ասկերանի ու Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարները:

Տպել
Ամենաշատ