News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով լրացուցիչ փորձաքննություն կիրականացվի, հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Գրասենյակ հաղորդագրության մեջ նշվում է.

«2014 թ. փետրվարի 28-ին ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:

Դատական նիստին տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչը չէին ներկայացել, ինչը կողմերը գնահատեցին որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ:

Հարկ է նշել, որ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը նախորդ դատական նիստերից մեկում հայտարարել էին, որ այլեւս չեն մասնակցելու դատական նիստերին, քանի որ համաձայն չեն դատաքննության ընթացքի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդի կողմից իր կրած բարոյական եւ գույքային վնասների փոխհատուցման պահանջով դատարան ներկայացված քաղաքացիական հայցին կողմերի ծանոթանալու եւ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու պատճառով:

2014 թ. փետրվարի 28-ի դատաքննության ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, մասնավորապես, գործով մեղադրողը եւ ամբաստանյալներ Միքայել Միքայելյանի եւ Մինաս Մկրտչյանի պաշտպաններն անհիմն համարեցին ներկայացված հայցը, գտնելով, որ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում հիմնավորվել է արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառահետեւանքային կապի բացակայությունը, հետեւաբար չի կարող այդ արարքով որեւէ անձի պատճառվել վնաս:

Հայցադիմումի գույքային պահանջի վերաբերյալ կողմերը հայտնեցին, որ չեն ներկայացվել այդ ծախսերի կատարման փաստը հաստատող անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաեւ փոխհատուցման ենթակա են մինչեւ հուղարկավորությունը կատարված ծախսերը:

Բարոյական պահանջի վերաբերյալ դատաքննությանը ներկա գտնվող կողմերը հայտնեցին, որ հայցադիմումում վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի 05.11.2013 թ. ՍԴՈ-1121 որոշումը ընդհանուր բնույթ է կրում եւ նախատեսում է փոփոխություններ ՀՀ քաղաքացիական դատավարաության օրենսգրքում: Սակայն բարոյական վնաս հասկացությունը դեռեւս օրենսդրական ամրագրում չի ստացել եւ  հարց է՝ արդյոք ֆիզիկական կորուստը կարելի դիտել որպես բարոյական վնաս:

Պետք է նշել նաեւ, որ կողմերը դատաքննության ընթացքում համոզմունք հայտնեցին այն մասին, որ հայցադիմումը Մ. Խաչատրյանի կողմից ներկայացվել է դատաքննությունն անհարկի ձգձգելու նպատակով:

Գործով ամբաստանյալներ Միքայել Միքայելյանի եւ Մինաս Մկրտչյանի պաշտպանները դատարանին հայտնեցին, որ վերանայել են համաներում կիրառելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը եւ հրաժարվում են դատարան ներկայացրած դիմումից, գտնելով, որ իրենց պաշտպանյալները որեւէ հանցավոր արարք չեն կատարել: Նրանք խնդրեցին դատարանից վերսկսել դատաքննությունը:

Դատարանն անհրաժեշտ համարեց հանձնաժողովային լրացուցիչ քննության իրականացումը՝ փորձաքննությանը փորձառու վիրաբույժների ներգարվմամբ:

Մեղադրողը չառարկեց լրացուցիչ փորձաքննություն նշանակելուն, Միքայել Միքայելյանի պաշտպանը հայտնեց, որ դեմ է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն, քանի որ 24 ժամը վերաբերում է վիրաբույժներին, իսկ երկրորդ փորձաքննությունն էլ տվել է բոլոր հարցերի պատասխանները:

Մինաս Մկրտչյանի պաշտպանը չառարկեց փորձաքննություն անցկացնելուն, նշելով, որ եթե դատարանն ունի չփարատված կասկածներ, ուրեմն կա փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, չնայած պաշտպանական կողմը չունի այդպիսի կասկածներ:

Դատաքննությանը ներկա կողմերին, ինչպես նաեւ տուժող կողմին իրենց հարցադրումները եւ հանձնաժողովի կազմի վերաբերյալ դիրքորոշումն ու առաջարկները  ներկայացնելու համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ սույն թվականի մարտի 14-ը՝ ժամը 15:00-ն»:

Տպել
Ամենաշատ