Գյուղնախարարությունը չի կարող ազդել ջերմոցային տնտեսությունների եւ «Գազպրոմ Արմենիայի» հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է գյուղնախարարության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե 2013թ. հուլիսից գազի թանկացումն ինչպես կարող էր ազդել ջերմոցային տնտեսությունների ակտիվության վրա: Այժմ նախարարությունը ոլորտի վերաբերյալ տեղեկություններ է հավաքում:
Այս պահի տվյալներով՝ հանրապետությունում կա 150-160 հա ապակեպատ ջերմոց, սակայն իրականում այդ ցուցանիշը կարող է ավելին լինել: Ընդհանուր առմամբ, փակ գրունտով, այդ թվում՝ պոլիէթիլենով պատած ցանքատարածությունները կարող են գերազանցել 500 հա-ն:
Փոխնախարարը հավելել է, որ տվյալները հավաքելուց հետո հնարավոր կլինի դատել, թե ջեռուցման այս սեզոնինկրճատվել է արդյոք ջերմոցների մակերեսը գազի թանկացման պատճառով, որի մասին հայտնել էր նաեւ հանրապետության Ջերմոցագործների միության նախագահ Պողոս Գեւորգյանը: «Հնարավոր է, ջերմոցների մի մասը ձմեռվանից վաղ գարնան էր անցել՝ ջեռուցման վրա խնայելու համար, սակայն մենք միանշանակ պնդել չենք կարող», - հավելել է Պետրոսյանը:
Նա նշել է, որ նախարարությունը չի կարող միջամտել ջերմատների գազային պայմանագրերին, առավելագույնը կարող է որպես միջնորդ հանդես գալ: «Հունվարին Հայաստանի ջերմոցագործների միությունը մեզ էր ներկայացրել տնտեսությունների ցանկ, որոնք խնդրում էին մինչեւ ապրիլ-մայիս աստիճանաբար հաշիվները վճարելու հնարավորության մասին: Սակայն մեր փոխանցած խնդրանքը մերժվել էր: Մենք իրավասու չենք խառնվելու այդ հարաբերություններին», - նշել է Պետրոսյանը: