News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը Նիկոլայ Ծատուրյանը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

«Ոչ մի պատճառ չկա,  պարզապես դեռ 2 տարի  առաջ ես անընդհատ ասում էի, որ երիտասարդ կա՝ Լյուդվիգ Հարությունյանը, որին պետք է պատրաստել, որպեսզի թատրոնի ղեկավարը լինի գյումրեցի, ոչ թե երեւանցի, հերիք է ինչքան երեւանցիները լցվեցին, գյումրեցի երիտասարդ է, շնորհքով, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր, Երեւանի թատերագետների կողմից ընդունված, ես էլ իրեն 4 տարի պատրաստում եմ, լավ ղեկավարելու ունակություն ունի, նա դառնալու է թատրոնի գեղարվեստական ղեկավարը»,- ասաց նա:

Իսկ Նիկոլայ Ծատուրյանը չի հեռանում թատրոնից, ինչպես ինքը նշեց՝ «քանի որ շատ է սիրում թատրոնը եւ շատ է կապված թատրոնի հետ, շատ լավ, ոչ թե քանդված վիճակով է հանձնում թատրոնը Լյուդվիգ Հարությունյանին, ինքն էլ մնում է գեղարվեստական խորհրդական, որպեսզի սատարի երիտասարդ գլխավոր ռեժիսորին եւ շարունակեն աշխատել»: 

Գյումրիի դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը նշեց, որ իր որոշման հետ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կապ չունի. «Այն ժամանակ երբ եղավ այն կոնֆլիկտը ինքը եկավ Գյումրիի եւ ասաց, որ պարոն Ծատուրյանը կաշխատի այնքան ժամանակ, ինչքան ցանկանում է: Այսօր էլ նա իր դաբրոն տվեց թե Լյուդվիգի գլխավոր ռեժիսոր նշանակվելուն, թե պարոն Ծատուրյանին գեղարվեստական խորհրդական նշանակվելուն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերին Նիկոլայ Ծատուրյանը սուր քննադատության էր ենթարկել Գարեգին Բ կաթողիկոսին՝  նրան համարելով սատանա: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ նրան կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, սակայն ավելի ուշ մշակույթի նախարարությունից վստահեցրել էին, որ Նիկոլայ Ծատուրյանին աշխատանքից ազատելու հրաման չկա եւ չի էլ կարող լինել: Նախարարը իրավասու չէ  նշանակել եւ ազատել թատրոնի գեղարվեստական ղեկավարին, դրա իրավասությունը թատրոնի տնօրենինն է: Նախարարությունից հայտնել էին նաեւ, որ Նիկոլայ Ծատուրյանի եւ նախարար Հասմիկ Պողոսյանի հարաբերությունները նորմալ են, աշխատանքային վիճակ է, եւ առաջիկայում հանդիպում կլինի:

 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ