News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Ուկրաինայում եւ հատկապես Ղրիմում իրավիճակի լարման հետեւանքով մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ արդեն Բոսֆորի նեղուցն անցել են ռուսական 2 ռազմանավեր, իսկ ամերիկյան ավիակիրները Ատլանտյան օվկիանոսից մտել են Միջերկրական ծով եւ խարիսխ են գցել հունական ափերին։ Սակայն հայտնի է, որ Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցների օգտագործման հետ կապված կան սահմանափակումներ։ Այս հարցերը NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Ղրիմի շուրջ լարվածության հետեւանքով աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Ղրիմի թերակղզու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում հատուկ ուշադրության են արժանանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Սեւ ծով ուղարկվող ռազմանավերի հետ կապված տեղեկությունները։

Սակայն պետք է հաշվի առնել, որ Սեւ ծովի օգտագործման հետ կապված կա 1936-ին ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի միջեւ կնքված Մոնտրոյի միջազգային համաձայնագիրը։

Ըստ Մոնտրոյի համաձայնագրի՝ բոլոր տիպի առեւտրական բեռնատար նավերը առանց որեւէ արգելքի կամ վճարի կարող են անցնել Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցով դեպի Սեւ ծով եւ հակառակը։

Համաձայնագրով նախատեսված է, որ Սեւ ծովի հետ ափեր ունեցող երկրներին պատկանող ռազմանավերը (ոչ ավիակիր եւ սուզանավ) խաղաղ պայմաններում ազատ անցնում են նեղուցներով, սակայն Թուրքիային տեղեկացնում են անցնելուց մեկ շաբաթ առաջ, իսկ Սեւ ծովի հետ ափ չունեցող երկրներին պատկանող ռազմանավերը պետք է զգուշացնեն Թուրքիային 2 շաբաթ առաջ։

Սեւ ծովում ափ չունեցող երկրներին պատկանող ռազմանավերը Սեւ ծովում կարող են մնալ առավելագույնը 21 օր, որից հետո ստիպված է լքել Սեւ ծովը։ Սեւ ծովի հետ ափ ունեցող երկրների ռազմանավերը Սեւ ծովում գտնվելու ժամկետի սահմանափակում չունեն։  Սեւ ծովում ափ չունեցող երկրների նավերն ունեն նաեւ տարողության սահմանափակում, այսինքն, Սեւ ծովում գտնվող ռազմանավերի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի  45 հազար տոննան։

Պատերազմի ժամանակ, Թուրքիան իր հայեցությամբ կարող է թույլ տալ կամ արգելել որեւէ երկրի ռազմանավի անցումը նեղուցներով, իսկ եթե Թուրքիան պատերազմի մեջ չի գտնվում, պարտավոր է փակել նեղուցները բոլորի առաջ։

Մոնտրոյի համաձայնագրով արգելվում է ավիակիրների եւ սուզանավերի անցումը, բացի այն դեպքերից, եթե դրանք նոր են գնվել եւ տեղափոխվում են տերերին։

Այսքանով հանդերձ Մոնտրոյի համաձայնագիրն առանց դժվարությամբ կարող է չեղյալ հայտարարվել, եթե ստորագրող երկրներից մեկը հետ կանչի իր ստորագրությունը։

Թուրքական կողմն այս համաձայնագիրն իր համար շահեկան է համարում, քանի որ այլ դեպքում Ղրիմի խնդրի պես իրավիճակներում Սեւ ծովում մեծ թվով ամերիկյան ռազմանավեր կկուտակվեն, ինչն էլ ավել կսրի իրավիճակն ու գուցե Դարդանելի ու Բոսֆորի նեղուցները հարվածների թիրախ դառնան։

Հայտնի է, որ մինչ այս նեղուցներով անցել են ընդամենը 2 ավիակիրներ, որոնք անցենլու ժամանակ այլ նշանակության տակ են անցել։ Դրանք են Ռուսաստանի կողմից Չինաստանին վաճառված ռուսական «Վարյագ»-ը եւ այս պահին Միջերկրական ծովում հերթապահություն անող «Ադմիրալ Կուզնեցով»-ը։

2008 թվականին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած օգոստոսյան ռազմական միջադեպի ժամանակ ամերիկյան ռազմանավերին Թուրքիան արգելել էր մտնել Սեւ ծով, չնայած ամերիկյան կողմի հավաստիացումներին, թե դրանք ռազմական չեն, այլ օգնության համար բեռներ են տեղափոխում։

Իսկ այսօր, երբ Ղրիմում լարված իրավիճակ է, Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման համար Սեւ ծով մտած ամերիկյան 2 հետախուզական ռազմանավերից մեկը անսարքության հետեւանքով շարունակում է գտնվել Սեւ ծովում, թեեւ լրացրել է 21 օրը։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը ամերիկյան ռազմանավին Սեւ ծովում մնալու եւ անսարքությունը վերացնելու համար ժամանակ է տվել մինչեւ ապրիլի 6-ը։ Այս փաստը որոշ փորձագետների թույլ է տվել եզրակացնել, որ ԱՄՆ-ը միտումնավոր է երկարաձգում նավի անսարքության վերացումը, իսկ Թուրքիան թույլ տալով նրան մնալ իր նավահանգստում,  խախտում է Մոնտրոյի համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ