News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը թող իրան նայի, իրա երեխեքը, որ էդքան հանցագործություն են անում, իրա ախպերները նարկաման ու խուժան են, հանրապետության ամբողջ նարկոբիզնեսն իրանց ձեռքին ա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տված հարցազրույցին, որում վերջինս տեւական դադարից հետո ներկայացրել է անցած տարվա հունիսի 2-ի ողբերգական միջադեպի մանրամասները:

«Հեքիաթներ ա պատմել, ապուշություններ են սաղ, անիմաստ զրույցներ ա արել: Իր ասած ոչ մի բանն էլ իրականության հետ կապ չունի»,- ասաց Էմիլ Բուդաղյանը:

Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած մանրամասները վրդովվեցրել են Էմիլ Բուդաղյանին. «Ասում ա՝ խմած ա եղել, բայց ինքը եկավ տուն, նորմալ խոսեցինք, հետո ասաց, որ գնում ա հիմնարկ: Եթե խմած լիներ, մենք չէինք թողնի տնից դուրս գար: Ավելին ասեմ. Ավոյիս Սուրիկ Խաչատրյանը մեքենայի մեջ ասել ա՝ դու թուրքերի հետ ես տալիս-առնում, իսկ իմ հետ չես շփվում, դրանից հետո տղուս խփել ա ու ասել, որ աշխատածիդ 50%-ն ինձ պիտի տաս: Ավոյիս ծեծելով են իջացրել մեքենայից: Մենակ ծեծելու համար իրան դատ ա հասնում»,- հուզված ասաց Էմիլ Բուդաղյանը:

Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը համոզված է, որ Սյունիքի նախկին մարզպետը տարիներ առաջ տված «խոստումն» է կատարել:

«Դեռ 1996-1997թթ. քաղաքապետի ընտրություններից հետո Սուրիկ Խաչատրյանն ինձ ասել էր, որ երեխեքիս վնաս ա տալու: Մենք մեզ միշտ հեռու ենք պահել, էս ինքն ա բզբզում, անընդհատ բզբզում»,- նշեց նա:

Էմիլ Բուդաղյանին ամենաշատը զայրացրել էր Սուրիկ Խաչատրյանի այն արտահայտությունը, թե «ցավալին այն է, որ իր ընտանիքի անդամները, ծնողները, որեւիցե մեկը չի ասում. «Գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»: Նա խորհուրդ տվեց Սուրիկ Խաչատրյանին «նախ իր ընտանիքին ու հարազատներին նայել, հետո անիմաստ տեղը քննադատել ուրիշներին»:

«Թող իրան նայի, իրա երեխեքը, որ էդքան հանցագործություն են անում, իրա ախպերները, նարկաման ու խուժան են: Հանրապետության ամբողջ նարկոբիզնեսն իրանց ձեռքին ա»,- եզրափակեց Էմիլ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն էր, իսկ վիրավորներից մեկը նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Տեւական դադարից հետո միայն Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ խոսել էր միջադեպի վերաբերյալ: Սյունիքի նախկին մարզպետը պատմել էր, թե ինչ էր տեղի ունեցել այդ օրը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ