News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարդան Ֆերեշեթյանը բացառիկ աշխարհատեսություն եւ բացառիկ հորիզոններ ունի՝ վերելքներից, բայց ոչ վերեւից նայելու աշխարհայացք։ Վարդան Ֆերեշեթյանը այն երջանիկ երեւույթներից է, որի մեջ միաձուլվել են հայ եւ համաշխարհային գրականությունը։ Վարդան Ֆերեշեթյանի ներկայությունը գրականության համար արդեն իսկ իրադարձություն է։  Այսպես էին ողջունում մարտի 6-ին, «Բյուրոկրատ» գրախանութում գրող եւ թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանին, ով իր նոր «Գրահավաքը» գիրքը ներկայացրեց հանրությանը (ֆոտոռեպորտաժ

Ինքը՝ հեղինակը, սակավախոս էր իր գրականության նման. «Կա ապրելակերպ, որը քո էությունն է, եւ եթե դա քո էությունն է, ուրեմն հաջողում ես, եթե ոչ, ապա չի ստացվում։ Առատագիր չեմ, բայց ներսում անընդհատ գրում եմ, իսկ արդեն գրելիս նույնիսկ չեմ էլ խմբագրում գրածս, այն ուղղակի գալիս է» - ասաց նա մի տեսախցիկի առջեւ, որից երկար փորձում էր խուսափել, բայց չստացվեց։ Նշենք, որ սա հեղինակի երկրորդ գիրքն է, առաջինը՝ «Աքլորականչը»՝ տպագրվել է 2010 թվականին։

Վարդան Ֆերեշեթյանի քիչ գրելու եւ քիչ խոսելու ֆենոմենը յուրովի վերլուծեցին «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը եւ բանաստեղծ Հակոբ Մովսեսը։

«Հեշտ չի կարդալ Վարդան Ֆերեշեթյանին, որովհետեւ դա իմացություն է պահանջում։ Պատրաստված ընթերցող պիտի լինես այդ գրականությանը հաղորդակից լինելու համար։

Վարդանն ասում է՝ գիրքը փոխակերպության տոն է։ Նրա գիրը թանձր է ու խիտ, մի գուցե դա է պատճառը, որ նա շատագիր չէ։ Բայց ես գերադասում եմ այդ քչագրությունը իր խորության պատճառով։ Կյանքում լավ բաները շատ չեն լինում։ Վարդանը այն քիչ բայց շատ լավ բաներից է, որը իսկապես մեզ երանություն է պարգեւում», - ասաց Լիլիթ Գալստյանը։

Հակոբ Մովսեսը իր խոսքն սկսեց փաստելով, որ հայ գրականությունը տարօրինակ ժամանակներ է ապրում։ «Տարօրինակ այն իմաստով, որ 20 տարի առաջ ստանալով ազատություն, մենք առայժմ գտնվում ենք ազատության մոնադը մեր մտքի մեջ ձեվակերպելու ճանապարհին։ Ինչ է նշանակում ազատ լինել գրի մեջ՝ այս հարցի պատասխանը դեռեւս եւ ֆորմալ, եւ բովանդակային տեսակետից մեզ մոտ վերջնական իր ուրվագծերը չի ստացել։ Բայց կան մարդիկ, որոնք այս կատեգորիայի, ֆորմալ ազատության կարիքը չունեն, որովհետեւ իրենք 20 տարի առաջ նույնքան ազատ էին, որքան հիմա։ Ազատությունն էլ ի ծնե հատկություն է, իսկ Վարդանի դեպքում դա կապված է գեղագիտության հետ», - ասաց բանաստեղծը, նշելով, որ Վարդանին համարում է ամենանուրբ աչք ունեցող գեղագետ եւ վայելչագիր։

«Ինչ վերաբերում է Վարդանի մնջությանը, դա նվազագույնով արտահայտվելու մի ցանկություն է։ Վարդանը «էստրադնիկ» չէ։ Նա էստրադայից այնքան հեռու է, նա ֆագոտի գեղեցիկ մի մեղեդի է, որը հնչում է, եւ որի համար կիրառելի է հայտնի խոսքը. «Ականջ ունեցողը թող լսի»», - ասաց նա։

Հակոբ Մովսեսը նշեց, որ Վարդանը իրեն հավասարը չունի էսսեագրության մեջ, իսկ Հակոբ Մնձուրուն նվիրված էսսեն հիշելով, հիշեց նաեւ, որ Վարդանը իրենից Ստամբուլից բերած հատուկ մակագրությամբ Մնձուրու գիրքը վերցրել եւ չի վերադարձրել։ «Բայց ինձ համար տարբերություն չկա, այդ գիրքը ինձ մոտ է, թե Վարդանի», - կատակեց նա։

«Հայ մարդը եթե համաշխարհային գրականության մեջ է հայտնվում, մոռանում է հայ գրականությունը, եթե հայ գրականության մեջ է՝ մոռանում է համաշխարհայինը։ Վարդան Ֆերեշեթյանը այն երջանիկ դեպքերից է, որի մեջ այս երկու երեւույթները եկել եւ սիրուն միաձուլվել են։ Մեկը մյուսի ֆոնի վրա պրոյեկտելու, ցուցադրելու կարողությամբ Վարդանին ոչ մեկս հավասար չէ», - ասաց նա։  Նշելով, որ չի ցավում Վարդանի քիչ գրելու համար, բանաստեղծը նրան կենցաղային եւ ընտանեկան անդորր ցանկացավ, որպեսզի նա շարունակի իր գիրը, որը «ժամանակակից հայ գրականության ամենաթանկ գրերից մեկն է»։

Երիտասարդ գրող Արամ Պաչյանը իր խոսքում նշեց, որ Վարդան Ֆերեշեթյանի ներկայությունը մեր գրականության մեջ խորհրդանշական է, որովհետեվ գրականության մեջ կարելի է ներկա լինել միայն գրականությամբ։ «Իսկ ներկայությունը աղմուկով, ցուցամոլությամբ, քաղաքականությամբ ինչպես նաեւ շատ չարչրկվող քաղաքացիությամբ բնավ էլ պայմանավորված չէ, չնայած շատերը հակառակն են պնդում։ Մեր զանգվածային ժամանակներում երբ հանկարծ գրողը գեներալ է դառնում, կամ օրինակ բերվող ինչ-որ ցուցանակ, կամ գիտահանրամատչելի տեսախցիկ, Վարդան Ֆերեշեթյանի ներկայությունը առանց ավելորդ բնորոշումների, որոնք գուցե կվնասեն նրա լռությանը, գրականության համար արդեն իսկ իրադարձություն է», - ասաց նա եւ ընթերցեց գրողի ստեղծագործություններից մեկը։ 

«Գրահավաքը» ժողովածուն հրատարակել է «Համազգային» հիմնադրամը կանադահայ տեր եւ տիկին Սիմոն եւ Մարալ Հասրջյանների հովանավորությամբ։ Գիրքը ձեւավորել է նկարիչ եւ գրահարատարակիչ Մկրտիչ Մաթեւոսյանը։ Գրքում օգտագործված են Վարդան Ֆերեշեթյանի գծանկարները։ Տպագրիչն է Գրիգոր Պողոսյանը։

Տպել
Ամենաշատ