Ոստիկանության աշխատակիցների կողմից մարտի 5-ին Սայաթ-Նովա պողոտայի թիվ 8 շենքի մոտից գործարար «Բենզին Ռուբոյի» բերման ենթարկված որդին՝ 24-ամյա Արման Գալուստյանը գտնվում է քննչական մեկուսարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Արման Գալուստյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել դատարանը ՀՀ ՔՕ-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով ) եւ 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ ոստիկանները նրան բերման են ենթարկել:

Դատական տեղեկատվական համակարգից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ Արման Ռոբերտի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Սամվել Աբրահամյանի հետ (տաքսի մեքենայի վարորդ), երկաթյա առարկայով հարվածներ է հասցրել Ս.Աբրահամյանի գլխին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Գործի նախաքննությունն ավարտվել, այն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, սակայն «Բեզնին Ռուբոյի» որդին այդպես էլ չի ներկայացել դատական նիստերին: Գործով մեղադրողը միջնորդել է նրա նկատմամբ կիրառել ավելի խիստ խափանման միջոց՝ կալանավորում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արման Գալուստյանը փաստացի թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից եւ խախտել է իր նկատմամբ ընտրված ավելի մեղմ խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, այսինքն, նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Դատարանն արձանագրել է, որ  ամբաստանյալ Արման Ռոբերտի Գալուստյանը գտնվելով չհեռանալու մասին ստորագրության ձեւով ընտրված խափանման միջոցի ներքո, ըստ էության չարամտորեն խուսափում է դատարան ներկայանալուց, մի քանի անգամ հրաժարվել է դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերը ստանալուց, քանի որ, դրանք դատարան են վերադարձել «չի պահանջվել» մակագրությամբ։ Այսինքն, ամբաստանյալի գործողությունները վկայում են այն մասին, որ նա՝ կամ թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, կամ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության եւ վերջինիս տեղյակ պահելու փոխել է փաստացի բնակության վայրը։ Ըստ այդմ՝ «Բենզին Ռուբոյի» որդու նկատմամբ հգայտարարվել է հետախուզում, ընտրվել է նոր խափանման միջոց՝ կալանավորում, իսկ գործի վարույթը կասեցվել է մինչեւ նրա հայտնաբերումը:

Նշենք, որ 2011թ Արման Գալուստյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ նշանակել պատիժ 2 տարի ժամկետով:

Ի դեպ, Արման Գալուստյանը Ռոբերտ Գալուստյանի որդին է՝ պարզապես նախկին կնոջից, թեեւ վերջինս անընդմեջ հերքում է Արման Գալուստյանի հետ կապված միջադեպերը՝ ասելով, թե իր որդին բանակում է ծառայում եւ այլն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին ծեծի ենթարկած Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Վերջինս բենզին Ռուբոյի՝ «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանի որդին է, որը տաքսու վարորդի 2000 ուղեվարձը չէր վճարել: Մեկ օր անց փողոցում հանդիպելով Արման Գալուստյանին` տաքսու վարորդը հիշեցրել էր չվճարած 2000 դրամի մասին, ինչից հետո վերջինս մոտեցել էր ու երկաթով հարվածներ էր հասցրել վարորդի  գլխին: Տարածքում գտնվող ոստիկաններին չէր հաջողվել նույն օրը հայտնաբերել Արմանին:

Հունիսի 27-ին Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգքրի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արման Գալուստյանը վերջին շրջանում նմանատիպ արարք մեկ անգամ էլ է թույլ տվել եւ երկու գործով մի անգամից քրեական գործ են հարուցել: Արման Գալուստյանը ստորագրությամբ բաց է թողնվել: NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ռոբերտ Գալուստյանն ինքն է դեպքի օրը զանգահարել ոստիկանություն` բարեխոսելով Արման Գալուստյանի համար: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում  հավաստիացրել էր, թե իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մի երիտասարդ ոստիկանությունում ներկայացել է որպես «Բենզին Ռուբո»-ի որդի` սակայն նա ասել է, որ նման որդի չունի: