News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Իռլանդիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 6-ին Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Մեծարգո Նախագա՛հ Դոլ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ եւ առաջ միանում եմ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի եւ Իռլանդական Ֆիննա Գաել կուսակցության հասցեին հնչած երախտագիտության խոսքերին` գագաթնաժողովի փայլուն կազմակերպման եւ հրաշալի հյուրընկալության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր առաջին անգամն է, որ ԵԺԿ գագաթնաժողովն անցկացվում է առանց երջանկահիշատակ Վիլֆրիդ Մարտենսի: Նա բացառիկ ավանդ ունեցավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի հիմնադրման եւ կայացման գործում, առաջնորդեց այն բազմաթիվ հաղթանակների ճանապարհով: Վստահ ենք, որ Նախագահ Դոլի փորձառու ղեկավարությամբ ԵԺԿ ընտանիքը կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:

Մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարեւոր հանգրվան են Եվրոպայի քաղաքական կյանքում: Համոզված եմ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կրկին կարժանանա եվրոպացիների բարձր վստահությանը եւ կշարունակի մնալ Եվրոպայի առաջընթացի շարժիչ ուժը, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը: ԵԺԿ-ի հաղթանակը թույլ կտա նոր եռանդով լծվել խաղաղ եւ բարեկեցիկ Եվրոպա կառուցելու կարեւոր գործին:

Պարո՛ն Նախագահ,

Եվրոպական միությունը եւ Արեւելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջեւ: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիեւում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման եւ երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ինչպես եւ նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձեւավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռեւս կա իր լուծումը պահանջող մի կարեւոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին եւ հայերին վնասելու ազգատյաց եւ այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, եւ հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսեւորման: «Այլեւս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձեւ կա` հիշել, դատապարտել եւ պահանջել: Մեզ համար անընդունելի եւ անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որեւէ դրսեւորում, երբ ձեւացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն եւ թշնամանք է քարոզում: Որպեսզի Արեւելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ եւ ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում:

Պարո՛ն նախագահ,

Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը եւ նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի եւ աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձեւավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձեւաչափերի հետ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ