Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը առիթների դեպքում հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց քաղաքական հարցեր չեն քննարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն խաչատրյանը:
«Չեմ կարող օրերով ասել երբ եմ հանդիպել, առիթ եղած ժամանակ միշտ էլ հանդիպում ենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ կապված Գագիկ Ծառուկյանին հանդիպելը, Սուրեն Խաչատրյանը տարակուսեց. «Գորիսի քաղաքապետի ընտրություններին պատրաստվելը ի՞նչ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ, ի՞նչ պատերազմական թոհուբոհ, առայժմ գործող քաղաքապետը կա, ոչ մեկն էլ չի բողոքել, չի հայտարարել, որ թեկնածություն է դնելու, քաղաքապետի ընտրություններում որոշելու է Գորիսի ժողովուրդը»:
Սուրեն Խաչատրյանը շեշտեց նաեւ, որ ինքը ակտիվորեն կմասնակցի եւ կսատարի Գորիսում հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, եւ մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»»: «Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել եւ, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով: Նա փորձում է նորից վերականգնել իր նախկին ազդեցությունը: Ըստ ամենայնի՝ նույն նպատակով են նաեւ Լիսկայի այցելություններն ու հանդիպումները իշխանության գալու հավանական շանսեր ունեցող ուժերի եւ անհատների հետ: Այս լուսանկարից երեւում է, որ նախկին մարզպետը բոլորովին վերջերս՝ փետրվար ամսին, հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, չի բացառվում, որ վերջինին փորձում է իրեն համախոհ դարձնել՝ ներքաշելով Գորիսում պատերազմական թոհուբոհի մեջ։ Սրանով է թերեւս պայմանավորված այն հանգամանքը, որ, չնայած մինչեւ հունիս դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ աշխուժություն է նկատվում»,- գրել էր թերթը:

























