News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում լրատվական գործակալությունները պետության հետ համատեղ շարունակում են հայկական մշակույթի ոչնչացման եւ յուրացման ամոթալի քաղաքականությունը։ Այս անգամ էլ հայտնի Anadolu լրատվական գործակալությունը հայոց Անի մայրաքաղաքի մասին լուր է հրապարակել, որում սակայն գեթ մի խոսք չկա հայերի մասին, իսկ Անիի կարեւոր մշակույթային արժեքներից առանձնացրել են մզկիթները։

Թուրքական այս ամոթալի քաղաքականությանն է անդրադարձել նաեւ Ստամբուլի հայկական «Ակոս»-ը՝ «Anadolu գործակալությունը պատմությունից ջնջել է հայերին» հրապարակմամբ։

Թուրքական լրատվական գործակալությունը պնդել է, թե 7 հազարամյա Անիում առաջինը բնակություն են հաստատել սաքա թուրքերը այնուհետ այնտեղ ապրել են նաեւ սասանյան պարսիկները, բյուզանդացիները, վրացիները, կարակոյունլու եւ ակկոյունլու ցեղերը, օսմանցիները եւ ռուսները։  Ինչպես նկատեցիք, այս ցանկի մեջ հայեր չկան, այսինքն, Անիի իրական տերերը չկան Անիում ապրածների շարքում։

Բացի սա, Անիում որեւէ եկեղեցու կամ այլ շինության դիմաց տեղադրված ցուցանակի վրա չկա «հայ» կամ «Հայաստան» գրությունը, իսկ Անիի Մայր տաճարի դիմաց ուղղակի գրված է մզկիթ։

Ավելի վաղ, NEWS.am-ի հետ զրույցում Կարսի նախկին ճարտարապետ Ալի Իհսան Ալընաքը հայտարարել էր, թե Թուրքիան վերջին տարիներին փորձում է Անին թուրքականացնել՝ հենվելով ոչ գիտական հիմքերի վրա՝ այն անվանելով Անը (թուրքերեն՝ պահ, ակնթարթ)։ «Պետությունը սրանով իրականացնում է ժողովուրդների միջեւ խաղաղությանը չնպաստող եւ ապատեղեկատվություն տարածող թյուրքականության քաղաքականություն: Ամբողջ աշխարը Անի ասելով հասկանում է հայկական քաղաք:  Իսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունը փորձում է այն վերափոխել Անը, որպեսզի «հայ՚» բառը չհիշատակվի»,-նշել էր Ալի Իհսան Ալընաքը։

Արթուր Հակոբյան
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ