News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի եւ տեսչական ստուգումները ցույց են տվել, որ բանակում նվազել են թոքաբորբի դեպքերը:

Այս մասին այսօր՝ մարտի 7-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ խորհրդակցության ժամանակ ասաց սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորեց նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման եւ աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Անցած ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի եւ տեսչական ստուգումներն ու անցկացված զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի զորամասերը` առկա սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: Զեկույցում նշվեց նաեւ, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը ձեռքբերման եւ վերանորոգման եղանակներով համալրվել են սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, ինչը նպատակաուղղված է եղել մարտունակության, կրակային հզորության, անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը:

ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանն իր զեկույցում նշեց, որ 2014թ.-ին առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սննդակարգը բարելավելու նպատակով, համագործակցելով տեղական արտադրող կազմակերպությունների հետ, պատվիրվել են մեկ տասնյակից ավել անվանումներով պահածոյացված սննդատեսակներ: Նա հավելեց նաեւ, որ զինված ուժերի անձնակազմը 2014թ.-ին կապահովվի նոր տեսակի ձմեռային կեպիներով:

Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ, Կամավոր Խաչատրյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության  գործունեությունն ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, սանիտարա-համաճարակային հսկողության ապահովմանը, մարտական պատրաստականության, մարտունակության եւ մասնագիտական ունակությունների բարձրացմանը: Նախորդ 7 տարիների համեմատությամբ արձանագրվել են ընդհանուր հիվանդացության ամենացածր ցուցանիշները: 2013թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, շուրջ երկու անգամ նվազել են թոքաբորբի դեպքերը, նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում»:

Տպել
Ամենաշատ