Ռուսաստանից սուզանավերի համար սարքավորումների ավելի շատ պատվերների սպասելիքն արդարացված է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Անալիտպրիբոր-1» ԲԲԸ տնօրեն Ժորա Ավետիսյանը: Նրա կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտուրը պետք է ավելի դյուրին դառնա:
Գյումրիում գտնվող ձեռնարկությունն արդեն 40 տարի ռուսական(նախկինում խորհրդային) սուզանավերի համար աղաչափ է թողարկում: ԽՍՀՄ փլուզումից հետո մի շարք լաբորատոր սարքավորումներ այլեւս չեն թողարկվում:
Ավետիսյանը նշել է, որ հարցն այն է, որ Գյումրիի ընկերությունում պատվիրում են սարքեր միայն հին սուզանավերի համար, որոնք վերանորոգման են ուղարկվում: «Նոր սուզանավերի համար 4-րդ սերնդի աղաչափերը նախագծվում են տեղում՝ Սանկտ-Պետերբուրգում, հայտնի ընկերությունների կողմից՝ «Ավրորա կոնցերն» ԲԲԸ-ի եւ «Ռուբին»-ի կողմից: Սուզանավերի իրենց նոր նախագծերը գերադասում են մեզ չփոխանցել եւ սարքավորումներն իրենք են պատրաստում. Օրինակ, աղաչափերը թողարկում է «Ավրորան»: Սակայն կարծում ենք, եթե Մաքսային միություն ենք մուտք գործել, նշանակում է, որ վերաբերմունքը կարող է փոխվել: Ի վերջո այժմ մենք նույն միջավայրում ենք»,- հայտարարել է Ավետիսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Հայասատանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանին աջակցության համար: «Նա ջանք չխնայեց, որպեսզի հարցը հասնի Հայաստանի վարչապետին: Իսկ վերջինս բարձրացրեց այն Սանկտ-Պետերբուրգ այցելություններից մեկի ժամանակ: Սակայն ամեն ինչ դեռ նույնն է»,- հավելել է Ավետիսյան:
Նրա խոսքով՝ այժմ ձեռնարկությունում աշխատում է մոտ 70 մարդ, իսկ ընդլայնվելու դեպքում թիվը կարող է հասնել 100-150-ի: Նա հավելել է, որ դա առավել արդիական է քաղաքի համար, որտեղ խորհրդային տարիներին 40 արդյունաբերական ձեռնարկություն էր աշխատում. դրանց մեծամասնությունն այժմ չի գործում:




























