News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, մարտի 11-ին կայացավ նշանավոր հայ  դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից եւ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ:

Հուշ-երեկոյին մասնակցեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի Համերաշխության եւ քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վրաց հասարակական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպանը։ Նա, մասնավորապես, նշեց. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզիկ Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց մեծ տաղանդի եւ խաղացած փայլուն դերերի շնորհիվ նա միշտ կմնա մեր սրտերում: Ֆրունզիկն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության եւ բարեկամության էտալոնը: Այդ առումով Մհեր Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:

Երեկոյի հյուրերին ողջունեց նաեւ Վրաստանի Համերաշխության եւ քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսեց հայ-վրացական դարավոր եղբայրության եւ բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը եւ սերը Մհեր Մկրտչյանի եւ նրա արվեստի հանդեպ:

Վրաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը  հանդես եկավ գնահատանքի խոսքով. «Երբ մարդը հանճարեղ արտիստ  է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում՝ կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։

Հրավիրվածներին ներկայացվեցին «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի, «Միմինո» եւ «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարի հեղնիակ Ռեւազ Գաբրիաձեի եւ Վախթանգ Կիկաբիձեի՝ հատուկ այդ երեկոյի համար տեսագրված ողջույնի խոսքերը՝ համեմված մեծանուն հայ դերասանի հետ առնչվող հետաքրքիր եւ հումորային հիշողություններով: Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայտնի ֆիլմերի վիդեո-կադրեր, կազմակերպվեց մեծ դերասանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, նրա նկարների եզակի ֆոտո-շարքի ցուցադրություն, տեղի ունեցավ համերգային մաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ