News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տաճատ Սարգսյանն ինքն իրեն հռչակել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, ոչ մի քվեարկություն չի եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ասուլիսում հայտարարել է Խորհրդային սպաների միության ղեկավար Աշոտ Պապյանը, որին նախօրեին հեռացրել են Կոմկուսի շարքերից:

Նրա խոսքով՝ նույնիսկ ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, որ դեմ է իրեն կուսակցությունից հեռացնելուն: «Շատ շրջկոմներ արդեն սկսել են իրենց դժգոհությունը հայտնել Տաճատ Սարգսյանի գործունեությունից եւ համապատասխան միջոցներ են ձեռնարկում: Սարգսյանը հայտարարել է հետեւյալը. «Քանի որ ես պետք է գործ ունենամ իշխանությունների հետ, որպես պաշտոնակատար ինձ լուրջ չեն ընդունում, ուստի ես օգտվելով իմ լիազորություններից ես քվեարկություն եմ հայտարարել նոր առաջին քարտուղարի ընտրության համար»,-ասել է Աշոտ Պապյանը՝ ընդգծելով, որ «Տաճատ Սարգսյանը ինքն է իրեն հռչակել» ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար:

Սարգսյանի հիմնական նպատակը, Պապյանի խոսքով, կուսակցության վերջնական փլուզումն է: «Իմ պայքարը Հայաստանի կոմկուսի դեմ չէ, այլ Տաճատ Սարգսյանի դեմ է: Կուսակցությունն ինձ համար սուրբ է: Ես ուզում եմ փրկել կուսակցությունը նման առաջնորդից, քանի որ նա իրավունք չունի լինել առաջին քարտուղար, նա ինքնակոչ է»,-ամփոփել է Պապյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի  12-ին կայացած Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բյուրոյի նիստի ժամանակ 9 «կողմ», 5 «դեմ» ձայներով որոշում է կայացվել կուսակցության շարքերից հեռացնել Կենտկոմի անդամ, Խորհրդային սպաների միության նախագահ Աշոտ Պապյանին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմից, Պապյանին կուսակցության շարքերից հեռացրել են հակակուսակցական գործունեության ու տպագիր մամուլում ապատեղեկատվություն տարածելու համար: Ինքը Պապյանը փետրվարի 23-ին կայացած Կենտկոմի պլենումից հետո հարցազրույց էր տվել մի քանի պարբերականների, որտեղ կասկածի տակ էր առել նոր կուսակցական ղեկավարության ընտրությունների ժամանակ քվեարկության լեգիտիմությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ճնշող մեծամասնության ձայներով Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել Տաճատ Սարգսյանը, երկրորդ քարտուղար՝ կոմերիտական կազմակերպության ղեկավար Երջանիկ Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ